ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում օգոստոսի 12-ին գրանցված երկրաշարժից հետո 82 շենք-շինության վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունու համայնքապետի կողմից հանձնաժողով է ստեղծել, որը աշխատանքներ է իրականացնում վնասների չափը պարզելու ուղղությամբ։
«Այդ օրը 120 զանգ է ստացվել ճգնաժամային կառավարման կենտրոնում, որոնք կապված են եղել հետցնցումների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է 82 շենք-շինության վերաբերյալ արձանագրություն։ Դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ Երանոս բնակավայրի 56 տան պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 հողաշեն անասնագոմի պատերից պոկվել և ընկել են քարեր։ 22 շենք-շինությունում, այդ թվում` Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրի 2 տան պատերին ճաքեր են առկա եղել»,- նշեց Սարգսյանը։
Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր։
Ըստ ՆԳ նախարարի մամուլի խոսնակի՝ այս պահին էլ ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, վերջնական պատկերը ստանալուց հետո լրացուցիչ տեղեկություն կտրվի։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին` ժամը 02:02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում (5 բալ ուժգնությամբ), Կոտայքի մարզում (4 բալ) և Երևան քաղաքում (2-3 բալ)։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: