Ի՞նչ կլինի Երևանի բնակֆոնդի հետ 9 բալանոց երկրաշարժի դեպքում

Երևան. Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում շենքերի մեծ մասը խորհրդային տարիներին կառուցվել են 7-8 բալանոց գոտու համար, իսկ Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա 9 բալանոց գոտում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ Երևանում Խորհրդային Միության տարիներին սեյսմիկ վտանգն ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, այդ պատճառով շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
«Մայրաքաղաքում շենքերի մեծ մասը խորհրդային տարիներին կառուցվել են 7-8 բալանոց գոտու համար։ Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի և, եթե մենք ունենանք 9 բալանոց երկրաշարժ, կունենանք վատ հետևանքներ` շենքերի 45%–ը կհայտնվի ռիսկի գոտում»,- նշեց Մարգարյանը։
Նա ընդգծեց, որ Երևանի համար կա 2 խզվածք՝ մեկը գտնվում է Երևանի հյուսիսարևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որ շատ մոտ է։ Դրանց տարբերությունը իրենց պոտենցիալի մեջ է։ Ուժեղ երկրաշարժ առաջացնելու առումով Երևանի խզվածքի պոտենցիալը շատ ավելի փոքր է, քան Գառնիի խզվածքինը։
Մասնագետը շեշտեց, որ երկրաշարժի հետևանքների մասին խոսելիս պետք չէ միայն մագնիտուդի ուժգնությունով չափել սեյսմիկ վիճակը, քանի որ պետք է հաշվի առնել գրունտային պայմանները, շենքերի խոցելիությունը, երկրաշարժի խորությունը։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին` ժամը 02:02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում (5 բալ ուժգնությամբ), Կոտայքի մարզում (4 բալ) և Երևան քաղաքում (2-3 բալ)։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը Հայաստանում փոքր է․ ՆԳՆ