ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը ևս մեկ ամիս կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Դատավոր Մելիքսեթյանը մասնակի բավարարեց Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգվեց մեկ ամսով»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Նա միաժամանակ նշել է, որ վերացվել է ազգականներին տեսակցելու արգելքը։
Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։