ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Air France» և «Transavia France» ավիաընկերությունները հուսով են, որ վաղվանից կվերսկսեն Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հետ ավիահաղորդակցությունը, որը դադարեցվել էր հուլիսի վերջին տարածաշրջանում իրավիճակի սրացման ֆոնին։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ–ները` հղում անելով ընկերությունների հայտարարություններին։
Նշվում է, որ ավիաընկերությունները պարբերաբար գնահատում են իրավիճակը։
Նախատեսվում է օգոստոսի 15-ից կրկին գործարկել Փարիզ—Լիբանան թռիչքները «Շառլ դը Գոլ» օդանավակայանից։
Ավելի վաղ մի շարք եվրոպական ընկերություններ Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածության ֆոնին հայտարարել էին, որ դադարեցնում են Լիբանանի ուղղությամբ չվերթերը։
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Իսրայելի կողմից գնդակոծությունների պատճառով: Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Իսրայելի հյուսիսի շուրջ 80 հազար բնակիչ: