ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհն արագ տարածվեց և մոտ 3 հա տարածք ընդգրկեց՝ պայմանավորված քամու 16 մ/վ ուժգնությամբ։ Spuntik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Երևանի քաղաքային աղբավայրի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։ Մյուս կողմից բարդ էր նաև այն, որ հրդեհը երեկոյան ժամի էր բռնկվել, և նաև տեսանելիության խնդիր կար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է` մարել չի ստացվում։ Օգոստոսի 12-ի ժամը 19:18-ից բռնկված հրդեհի երկու օջախ մեկուսացվել է օգոստոսի 13–ին ժամը 01։43-ին։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարների 21 մարտական հաշվարկ, ընդհանուր 100 փրկարար։
«Մինչ այս օջախներ եղել են, որոնք արագ մեկուսացվել են մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հրդեհը չի տարածվել, նաև հողապատման աշխատանքներ են պարբերաբար իրականացվել»,- նշեց Վարդապետյանը։
Արդեն երրորդ օրն է՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է՝ 3 հա տարածքի ընդգրկումով։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ նախորդ տարիների համեմատությամբ այս տարի հրդեհն այդքան մասշտաբային չէ։ Երևանի քաղաքապետարանը կանխարգելիչ աշխատանքներ է իրականացնում՝ ոչ միայն հողապատում, այլև շուրջօրյա հերթապահություն է սահմանել։
«3 տեղամասի է բաժանվել ընդհանուր հրապարակը՝ ըստ ծխացող օջախների, մի տեղամասում հրդեհաշիջման և հողային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ այս պահին քաղաքապետարանի և փրկարար ծառայության աշխատակիցները մյուս երկու տեղամասերում են աշխատանքներ իրականացնում։
Շեշտում է՝ արվում է հնարավորը հրդեհն արագ մեկուսացնելու և մարելու համար, բոլոր ռեսուրսները կենտրոնացվել են։
«Քանի որ առնչվում ենք ծխի ու կրակի հետ, երբեմն հնարավոր է՝ երեսուն րոպեով կամ մեկ ժամով ընդհատվեն աշխատանքները, որովհետև տեսանելիության խնդիր է առաջանում, դա է ինչ-որ տեղ դժվարացնում հրդեհաշիջման աշխատանքները»,- նշեց նա։
«Երևանի քաղաքային աղբավայրի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հուսով է՝ մոտակա օրերին արդեն ցանկալի արդյունք կլինի՝ առանց ծուխ, առանց հրդեհ աղբավայր։
Նա նաև հայտնեց, որ այս 3 օրերի ընթացքում 150 բեռնատար հող և մոտ 500 տոննա ջուր է օգտագործվել։ Նա նաև տեղեկացրեց, որ աղբավայրում հատուկ ճապոնական կայան է տեղադրվել, աղբավայրի տակով անցնում են հատուկ խողովակներ, որոնց շնորհիվ մոտ 20-21 անգամ չեզոքացվում են նեխված աղբից դեպի մթնոլորտ արտազատվող վնասակար գազերը։