ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարաձգելու որևէ հիմք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նրա խոսքով` ի սկզբանե Վարդանյանի կալանքի համար որևէ հիմք չի եղել ։
«Մեր կողմից բոլոր փաստարկների հակադարձումը եղավ։ Արձանագրվեց, որ այլևս չկա որևէ հիմք կալանքի համար։ Քննիչի միջնորդությունն ուղղակի անհիմն էր»,–ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր շարժումներն ակտիվանում են, ՀՅԴ-ի նկատմամբ սկսվում են նմանատիպ ճնշումները։ Փաստաբանի խոսքով` ճնշումների թիրախում այժմ Գերասիմ Վարդանյանն է։
«Արդարադատության հույս, այնուամենայնիվ, կա, թեև այն փոքր է՝ նկատի ունենալով դատավորների նկատմամբ ճնշումները»,– ասաց նա։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ավարտվել է Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդության քննությունը։ Դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը։
Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։