ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը Հայաստանում փոքր է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։
Նշենք, որ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 2.02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել էր 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Այն զգացվել էր Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նշվում է, որ օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։
«Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին, համապատասխանաբար 6.0 և 6.5 մագնիտուդ: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 5,0 մագնիտուդ: