Երբ հերթական անգամ լսում ենք՝ օլիմպիական ոսկին գին չունի, շատ լավ հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը։ Այո՛, այդ մեդալն անգին է, որովհետև հավերժ հավաստելու է մարզիկի ակնառու նվաճումը, բայց մյուս կողմից այդ մեդալը իսկապես գին չունի, որովհետև 1912 թվականից ի վեր ոսկուց չի պատրաստվում. քաշը մոտ կես կիլոգրամ է, և այդ կես կիլոգրամից ընդամենը 6 գրամն է ոսկի, մնացածն արծաթ է։ Այսինքն` այդ մեդալի, այսպես ասենք, անվանական արժեքն ընդամենը 950 դոլար է։ Բա դա գի՞ն է։ Հայաստանի պատգամավորի մեկ ամսվա աշխատավարձի չափ էլ չկա։
Եվ այնուամենայնիվ, այս տարի առաջին անգամ օլիմպիական մեդալները հաղթողներին նաև շատ կոնկրետ գումար են բերել, բայց ընդամենը երկու մարզաձում՝ ատլետիկայում և բռնցքամարտում։ Ատլետների ֆեդերացիաների միջազգային ընկերակցությունը ապրիլին որոշում ընդունեց, որ Փարիզի օլիմպիական խաղերում ոսկի նվաճած բոլոր մարզիկները կստանան 50 հազարական դոլար։ Մեկ ամիս անց Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան հայտարարեց, որ օլիմպիական խաղերի հաղթողները կպարգևատրվեն 100 հազարական դոլարով, ճիշտ է` դրանից 25 հազարը պիտի փոխանցեն իրենց ազգային ֆեդերացիային, 25 հազար էլ պարտավոր են տալ մարզիչներին։ Այս նորամուծության շուրջ ծավալված վեճերն իրենց թեժությամբ չեն զիջում օլիմպիական մրցամարտերին։
Կողմնակիցները պնդում են՝ իհարկե, հաղթողները պիտի դրամական պարգև ստանան. ծափերն ու գովասանքները քիչ են։ Մարդիկ ամեն ինչ թողած 4 տարի շարունակ ամեն օր պատրաստվել են, բառի բուն իմաստով քրտինք են թափել, իրենք իրենց զրկել են բոլոր հաճույքներից։ Եվ հետո ո՞վ չգիտի, որ մարզական կարիերան բավական կարճ է, հասնում ես որոշակի տարիքի, թողնում ես սպորտը և հայտնվում կոտրած տաշտակի առջև։ Հո գաղտնիք չէ՞, որ որոշ նախկին չեմպիոններ հետագայում վաճառել են իրենց մեդալները։ Հայտնի խորհրդային մարմնամարզուհի Օլգա Կորբուտը ձեզ օրինակ։ 2017 թվականին նա ստիպված է եղել իր հինգ օլիմպիական մեդալներից երեքը վաճառել մոտ 350 հազար դոլարով։
Ընդդիմախոսներն իրենց ծանրակշիռ փաստարկներն ունեն։ Այն փողը, որը երկու մարզաձևերի ֆեդերացիաները տալիս են հաղթողներին, կարելի էր տրամադրել երիտասարդ հեռանկարային մարզիկներին։ Միայն մի փաստ։ Միջազգային զանազան մրցումներին մասնակցող ամերիկացի մարզիկների մեկ քառորդը աշխատում է և ամսական ստանում ընդամենը մոտ հազար դոլար։ Ավստրալիայում էլ մարզիկների մոտ կեսը ստիպված է աշխատել, որովհետև, եթե շատ հայտնի չես, սպորտով ընտանիք պահելը չափազանց դժվար է։ Այնինչ մեծ հաջողությունների հասած սպորտսմենները հազար ու մի տեղից փող են ստանում։ Նախ` հարուստ հովանավորներ ունեն, հետո էլ գովազդն է նրանց հսկայական եկամուտներ բերում։
Ըստ «Forbes»-ի` Փարիզում ավարտված օլիմպիական խաղերի ամենահարուստ մասնակիցը գոլֆի իսպանացի վարպետ Ջոն Ռամն էր, որի եկամուտը վերջին տարվա ընթացքում կազմել է գրեթե 220 միլիոն դոլար, իսկ ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը վաստակել է 130 միլիոն։ Բացի այդ, օլիմպիական խաղերի հաղթողներին պարգևատրում են նաև հարազատ կառավարությունները։ Սինգապուրը ներկայացնող որևէ մարզիկ այս անգամ ոսկի չնվաճեց, բայց եթե նվաճեր, կստանար միանգամից 750 հազար դոլար։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոչ միայն չեմպիոն, այլև գրեթե միլիոնատեր ես դառնում։ Կասեք` դե Սինգապուրը այժմ հավասարվել է աշխարհի առաջատար երկրներին։ Այդ դեպքում ի՞նչ կասեք Մարոկկոյի մասին, որի կառավարությունը չեմպիոնին նվիրում է 200 հազար դոլար։ Նույնիսկ օլիմպիական խաղերը հյուրընկալած Ֆրանսիայում շատ ավելի համեստ պարգև է նախատեսված չեմպիոնի համար՝ 80 հազար դոլար։ Իսկ Մեծ Բրիտանիան և Նորվեգիան հաղթողներին ընդհանրապես փող չեն տալիս։
Հայաստանում տալիս են։ Եթե մեր մարզիկներից մեկը Փարիզում ոսկի նվաճեր, կստանար 25 միլիոն դրամ, մեր արծաթե մեդալակիրների պարգևավճարը կկազմի 20 միլիոն, բրոնզե մեդալ շահածներին կվճարվի 15 միլիոն։ Եվ սա, ինչպես ասում են գովազդներում, դեռ ամենը չէ՝ կան նաև ցմահ ամսական պատվովճարներ և անվանական թոշակներ, բայց չեմ մանրամասնի, քանի դեռ չի հնչել մեր ավանդական մեղադրանքը՝ հերի՛ք է ուրիշի գրպանի փողերը հաշվեք։
Այնուամենայնիվ, թույլ տվեք մի հարց տալ՝ գիտե՞ք արդյոք, թե ով ամենից շատ ֆինանսական օգուտ ստացավ փարիզյան խաղերից։ Այն մարդը, որին հայաստանյան ողջ հասարակությունն անհամբեր սպասում է ամիսներ շարունակ՝ ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգը։ Փարիզում նա նաև հեռուստամեկնաբան էր աշխատում և ամեն օրվա համար ստանում էր, բռնվե՛ք…, կես միլիոն դոլար։ Իսկ ես միշտ էլ բոլորին խորհուրդ եմ տվել՝ հեռուստահաղորդավա՛ր դարձեք։ Դուք էլ այդքան կստանաք։ Եթե իհարկե շա՜տ երկար ապրեք…