Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուրսկում բարդ իրավիճակ է. 28 բնակավայր հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ–ի վերահսկողության տակ

Կուրսկ. արխիվային լուսանկար
Ուկրաինական զորքերի վերահսկողության տակ հայտնված բնակավայրերում գտնվող շուրջ 2 հազար մարդու ճակատագիրն անհայտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Այս պահին ՌԴ Կուրսկի մարզում բարդ իրավիճակ է. Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում 28 բնակավայր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այդ մասին զեկուցել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:
Նրա խոսքով ՝ իշխանությունները տեղյակ չեն այդ 28 բնակավայրերում գտնվող 2 հազար մարդու ճակատագրի մասին։
Ինչպես նշել է Սմիրնովը, Կուրսկի մարզում զոհվել է 12 քաղաքացիական անձ, 121-ը` վիրավորվել, այդ թվում՝ 10 երեխա:
Ուկրաինայի զինված ուժերը քիմիական զենք են կիրառել Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում։ Թունավորվածների թվում ոստիկանության աշխատակիցներ կան, թունավորվել է նաև գյուղխորհրդի ղեկավարը։
Մարզում շուրջ 180 հազար մարդ ենթակա է տարհանման, արդեն մեկնել և տարհանվել են նրանցից 121 հազարը:
Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանների ավելի քան 2 հազար բնակիչներ, որոնք տուժել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծություններից, դրամական օգնություն են ստացել: «Իրականացնում ենք 10 հազարական ռուբլու վճարումներ։ Այսօրվա դրությամբ ֆինանսական օգնություն է ստացել 2,1 հազար քաղաքացի, թեև հայտավորված է 46,7 հազար մարդ», - հստակեցրել է Սմիրնովը։
Պաշտոնյան նշել է, որ հնարավոր թալանը կանխելու համար Կուրսկի մարզի տարածքում ուժեղացվել է պարեկությունը:
«Իհարկե, վտանգ կա, որ այստեղ (մարզի տարածքում. խմբ.) դիվերսիոն խմբեր են գործում մեր հագուստով, մեր մեքենաներով, մեր փաստաթղթերով, ուստի ուժեղացնում ենք պարեկությունը», - ասել է Սմիրնովը։
Նա հավելել է, որ Կուրսկի մարզում չկա հստակ առաջնագիծ, ինչը բարդացնում է հակառակորդի գտնվելու վայրի որոշումը:
«Կուրսկի մարզի տարածք հակառակորդի ներթափանցման խորությունը կազմում է 12 կմ, ճակատային լայնությունը՝ 40 կմ», - հայտարարել է նա:
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիներիանվտանգությունն ապահովելու ևուկրաինական դիվերսիոն-հետախուզական կազմավորումների կողմից ահաբեկչությունների սպառնալիքներըկանխելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել։