Երկրաշարժի հետևանքով բազմահարկ շենքերը չեն տուժել․ պարզաբանում է Գեղարքունիքի մարզպետը

Կարեն Սարգսյան
Տուժել է նաև Երանոսի դպրոցը, որի պատերի վրա ևս հայտնվել են ճաքեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովն աշխատանքները կավարտի առաջիկա երկու օրերին և կտա եզրակացություն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հանձնաժողովն աշխատում է Երանոսում, հարևան Վարդաձորում և մի քանի այլ բնակավայրերում:
Սարգսյանի խոսքով` երկրաշարժից հետո ակնադիտական ուսումնասիրության արդյունքում մի քանի տներում հայտնաբերվել են այնպիսի ճաքեր, որոնցից կարելի է ենթադրել, որ այդ տները ենթակա են վերականգնման, սակայն վերջնական եզրակացությունը դեռ պատրաստ չէ։ Դրանք և՛ բնակելի տներ են, և՛ կցակառույցներ։
Տուժել է նաև Երանոսի դպրոցը, որի պատերի վրա ևս հայտնվել են ճաքեր։
«Հանձնաժողովը դեռ չի որոշել՝ կան արդյոք տներ, որոնք այնքան են տուժել, որ բնակիչներին պետք է տարհանել»,– նշեց Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ երկրաշարժի էպիկենտրոնը բավականին հեռու է եղել Մարտունի քաղաքից, այդ պատճառով բազմահարկ շենքերը չեն տուժել:
Եթե լինեն այնպիսի վնասներ, որոնք գործիքային ուսումնասիրության կարիք կունենան, ապա, ըստ նրա, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործընկերների հետ կա պայմանավորվածություն, որ դրանք կառանձնացվեն, կուսումնասիրվեն, որպեսզի հետո հնարավոր լինի հստակ գնահատական տալ։
Հիշեցնենք` օգոստոսի 12-ին` ժամը 02:02-ին, Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզում (5 բալ ուժգնությամբ), Կոտայքի մարզում (4 բալ) և Երևան քաղաքում (2-3 բալ)։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը Հայաստանում փոքր է․ ՆԳՆ