ԵՄ գործերի հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ
Բելառուսական ՀՕՊ-ի կողմից խոցված անօդաչու սարքերի որոշ դետալների վրա ԵՄ երկրների արտադրողների մակնշում է հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Բելառուսի ԱԳՆ-ն կանչել է ԵՄ գործերի հավատարմատար Ստեն Նյորլովին՝ ուկրաինական անօդաչուների հետ կապված միջադեպի վերաբերյալ Մինսկի դիրքորոշումը փոխանցելու համար:
Գերատեսչությունը Եվրամիությանը կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ կանխելու ուկրաինական մարտական անօդաչուների՝ բելառուսական օդային տարածքը հատելու դեպքերի կրկնությունը:
«Բելառուսը, որը մշտապես հանդես է գալիս ճգնաժամը բանակցությունների միջոցով կարգավորելուն օգտին, Եվրամիությանը հորդորում է օգտագործել ուկրաինական ղեկավարության նկատմամբ ազդեցությունը՝ ապագայում նման գործողությունները կանխելու համար», — ասված է Բելառուսի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Եվրոպացի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ բելառուսական ՀՕՊ-ի կողմից խոցված անօդաչու թռչող սարքերի որոշ դետալների վրա ԵՄ երկրների արտադրողների մակնշում է հայտնաբերվել:
Բելառուսական կողմը նշել է, որ նման միջադեպերը կարող են հանգեցնել հակամարտության արմատական էսկալացիայի, ինչը կբերի ռազմական գործողությունների լուրջ ընդլայնման, այդ թվում` ԵՄ երկրների ներգրավման:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 10-ին հայտնել էր, որ նախորդ օրը Ուկրաինայից Ռուսաստան թռչող մի քանի ԱԹՍ–ներ են ոչնչացվել: Հաշվի առնելով նշված միջադեպը՝ Բելառուսի ղեկավարը կարգադրել է ուժեղացնել զորքերի խմբավորումները Ուկրաինային սահմանակցող Գոմելի և Մոզիրի ուղղություններով: