ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի– Sputnik. 2024 թ–ի 1–ին կիսամյակում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ է քննվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական վարույթներից 29–ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի մասով ուղարկվել դատարան։
Մասնավորապես, դատարան ուղարկված 29 վարույթներից 7–ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2–ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 3–ը՝ ավազակության, 4–ը՝ գողության, 1–ը՝ շորթման, 1–ը՝ թմրամիջոցներների հետ կապված, 11–ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
«Վարույթներից 94–ը կարճվել է, որից 37–ը` ռեաբիլիտացնող, իսկ 57–ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 1 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 12–ը միացվել են, 70–ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 132–ը փոխանցվել է 2024 թ–ի 2–րդ կիսամյակ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 77 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու կամ դադարեցնելու մասին:
Կոմիտեից նշում են նաև, որ ձերբակալվել է 56 անչափահաս, որից 46–ն ազատվել է արգելանքից, 10 անչափահասի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 5–ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 5–ը՝ մասնակի:
2 դեպքում դատարանի կողմից անչափահասի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
Նշենք, որ 2023 թ–ի 1–ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվել է 220 քրեական վարույթ։ Նշված վարույթներից 24-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 33 անչափահասի մասով ուղարկվել դատարան։
2023 թվականին, ընդհանուր առմամբ, քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 363 քրեական գործ, ինչը 48 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա` 2022 թվականի ցուցանիշը (244 գործ): 50 դեպքով նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատարան:
Այս հանցագործությունները հիմնականում կապված են գողության (14 դեպք) և թմրամիջոցների հանցագործությունների (10 դեպք) հետ: