Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տվյալ հատվածում այսօր առավոտյան բեռնատար է շրջվել։ Բախվել են մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազը», Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը և «Toyota»-ն։ Ըստ առողջապահության նախարարության` բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Աբրահամյանը տեղեկացնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս)
Նրա խոսքով` քննիչները դեպքի վայրում են, կատարվում է դեպքի վայրի և վթարված տրանսպորտային միջոցների զննություն, այլ անհետաձգելի առաջնային քննչական գործողություններ։
Նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ։
Վթարի պատճառների և հանգամանքների պարզման, տրանսպորտային միջոցների վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում է նախաքննություն։