ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն արագացված դատական կարգով կորցնում են իրենց վարելահողերը` 1 քմ-ն 345 դրամով, որոնք գերակա շահ են ճանաչվել «ՌԻԴ» ընկերության «Արագած» ներդրումային ծրագրի համար:
Գյուղացիներն ու ընկերությունը վարելահողերի գնի շուրջ այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Վարդենուտցիներն ասում են, որ հողերի կադաստրային արժեքը 2 անգամ բարձր է` չհաշված այդ տարածքում հողերի շուկայական գները։ Անկախ գնահատող ընկերություններից մեկը մինչև տարածքը գերակա շահ ճանաչելը անգամ 3100 դրամ է առաջարկել 1 քմ-ի համար։ Հաշվի առնելով այդ ամենը` գյուղացիները 1 քմ-ի համար նախկին 2000 դրամի փոխարեն այժմ 1000 դրամ են պահանջում, սակայն ո՛չ ընկերությունը, ո՛չ պետությունը նրանց լսել անգամ չի ցանկանում։ Գյուղացիների սեփականության վկայականներում դեռևս 1990-ականներին գրվել է, որ այդ հողերն անջրդի են, աղակալած, որը չի համապատասխանում իրականությանը։ Գեղարոտ գետն այս հողամասերի միջով է անցնում։ Ընդհանուր 274 կտոր հողատարածք է գերակա շահ ճանաչված։ Մոտ 107 անձ այստեղ հող ունի (յուրաքանչյուրը` միջինում 1–2 հեկտար)։
Վարդենուտցիների հողատարածքները
© Sputnik
Իրենց բողոքն արտահայտելու համար գյուղացիները մի քանի անգամ փակել են Երևան-Ապարան մայրուղին։ Հիմա էլ գալիս են ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքելու, բայց փաստ է, որ հողերի օտարման գործընթացն արագացված տեմպերով շարունակվում է։ Ըստ «Դատալեք» դատական տեղեկատվական համակարգի՝ «ՌԻԴ» ընկերությունն ավելի քան 250 դատական հայց է ներկայացրել գյուղացիների դեմ։
«Ես կատեգորիկ դեմ եմ իմ հողակտորը կոպեկներով իրենց վաճառել։ Տարածքը գերակա շահ ճանաչելուց առաջ ո՞վ է եկել, մեզ հետ քննարկել, մեզ հետ հաշվի նստել։ Ոչ մեկը։ Իմ հողն անգին է։ Ես 7 շունչ եմ պահում։ Ո՞ւմ եմ այսքան տարի նեղություն տվել։ Պարոն Գրիգորյանը («ՌԻԴ» ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյան, խմբ․) ասում է՝ որոշ գյուղացիներ ուզում են մեր հաշվին հարստանալ, ուրեմն ինքն իմ հողը վերցնի մեծ գումարներով հյուրանոցատերերին վաճառելու համար, ինձ էլ կոպեկներ տա, դեռ մի բան էլ ես եմ ուզում հարստանա՞լ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշոտ Զաքարյանը, որը գերակա շահ ճանաչված տարածքում 1.5 հեկտար հող ունի։ Զաքարյանն իր համագյուղացիների պես խոտ է ցանում, անասնապահությամբ զբաղվում, ստացած եկամտով իր բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգում։
Աշոտ Զաքարյան
© Sputnik / Aram Nersesyan
«Ես ունեմ 13 կթու կով, կաթնամթերքը վաճառում եմ։ Թող ինձ չխանգարեն, ես իմ կովերով ապրում եմ։ Միայն անցած տարի հորթերիս վաճառել եմ ու 5-6 մլն դրամ եկամուտ ստացել, իմ տունն եմ վերանորոգել, իրենք ինչի՞ են ուզում մեզ բոմժ սարքել»,-ասաց նա:
Գյուղացիների հույսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելն էր, որի շարասյանն ավելի քան մեկ ամիս առաջ կանգնեցրին խնդիրը ներկայացնելու համար։ Վարչապետը, սակայն, չլսեց գյուղացիներին` նշելով, որ խնդրից տեղյակ է և «բալանսի կբերի»։
Բայց գյուղացիները խոստացած բալանսն այդպես էլ չեն տեսնում։ Վարչապետի աշխատակազմին ուղղված նամակներն անպատասխան են մնում։
«Մենք մեր քայլն արել ենք, վարչապետի ասած՝ «բալանսի ենք բերել»։ 2000 դրամից գինն իջեցրել ենք 1000 դրամ, բայց իրենք իրենց քայլը չեն անում։ Պետությունից պահանջում ենք միջամտել վեճին և օբյեկտիվ լուծում տալ։ 1000 դրամը մեր կարմիր գիծն է»,- ասաց Արտակ Շագոյանը։
Արտակ Շագոյան
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղացին մոտ 2 հեկտար հող ունի, որով պահում է իր 13–հոգանոց ընտանիքը։ Նրա խոսքով՝ իրեն առաջարկվող 6 մլն դրամով այդ տարածքում անգամ 1000 մետր հող գնել չի կարող։ Ստիպված է լինելու համագյուղացիների պես անասունների գլխաքանակը կրճատել, թողնել 1-2-ը։
«Գյուղացին էսօր էնքան ա չարչարվել, մարդու շնորհք էլ վրան չի մնացել, ո՞նց կարելի է մեր ձեռքից մեր ունեցվածքը խլել ու չամաչել ասել՝ մի քանի անգամ էլ ավել ենք տալիս։ Եղբայր, վերցրու քո տված ավելն ու գնա այստեղից, թող մենք ապրենք։ Մարդիկ 30 տարի փորձում են ճահճից դուրս գալ, դուք նորից ոտքով սեղմում եք, մեզ կոխում ճահիճը։ Եթե ինքը գումար չուներ, ինչի՞ է այդ ծրագրի տակ մտել»,-ասաց Շագոյանը։
Գյուղացիներին բարկացրել է Ռուբեն Գրիգորյանի՝ մամուլին տրված հարցազրույցներից մեկում ասված արտահայտությունը, թե գյուղացիներից ով չի ուզում իր հողը վաճառի, նրանից հող չեն գնի։
«Հիմա մենք չենք ուզում, ինչի՞ եք մեզ դատարանի դռները գցել։ Մենք փաստաբան վարձելու հնարավորություն չունենք, իրենք էլ օգտվում են առիթից։ Առաջին մեղավորը կառավարությունն է, որ մեր հողերը ճանաչեց գերակա շահ»,- ասաց Մանվել Առաքելյանը։
Մանվել Առաքելյան
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղացիների մեծ մասը համաձայն կլինի իր հողը վաճառել 2 դեպքում` կա՛մ համարժեք դրամական փոխհատուցում, կա՛մ այդ տարածքում իրենց ունեցած հեկտարին համարժեք այլ հողատարածք։
Գյուղում արդեն լուրեր են պտտվում, որ իրենց հողերի վրա միջազգային հյուրանոցային համալիրներից մեկն է լինելու։
«Ասում են` խոշոր հյուրանոցներ են բացվելու, հիմա ինձնից 345 դրամով խլած հողը այդ գնո՞վ են հյուրանոցների տերերին վաճառելու։ Իհարկե ոչ»,- ասաց Էդգար Իսրայելյանը։
Էդգար Իսրայելյան
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղացիների բարձրացրած խնդրահարույց հարցերին պատասխան ստանալու նպատակով Sputnik Արմենիան դիմեց «ՌԻԴ» ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանին, սակայն նա այժմ նպատակահարմար չգտավ պատասխանել` նշելով, որ հարցերը կարող ենք ուղղել ծրագրի շնորհանդեսի ժամանակ, որը կլինի առաջիկա օրերին։
Փոխարենը մեզ հետ զրուցեց «ՌԻԴ» ՍՊԸ–ի փոխտնօրեն Խաչիկ Հովսեփյանը` նշելով, որ իրավիճակի գլխավոր մեղավորները Վարդենուտ գյուղի նախկին կառավարիչներն ու բնակիչներն են։
«1990–ականներին իրենց պատկանող հողերը գրանցել են անջրդի, որպեսզի ջրի գումար չվճարեն։ Իսկ անջրդի հողերի կադաստրային արժեքը շատ ցածր է, ուստի մենք կադաստրային արժեքից ավելի բարձր գին ենք առաջարկում` 345 դրամ։ Մենք գյուղացիներին ասել ենք, որ ծրագիրը մինիմում 7 տարի հետո է իրագործվելու, ուստի կարող են իրենց հողերը տնօրինել 5-6 տարի, իրենց խոտը հավաքել, իրենց անասուններին պահել»,-ասաց Հովսեփյանը` փաստացի հաստատելով, որ իրենք տեղյակ են այդ հողերի՝ անջրդի չլինելու մասին։
Ինչ վերաբերում է Ռուբեն Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությանը, ապա փոխտնօրենը նշեց, որ իր կարծիքով` կլինի հողերի փոխարինում։
«Այն հողերը, որոնք մեզ պետք են, բայց գյուղացիները չեն ցանկանում վաճառել, մենք իրենց հողերին համարժեք հող կտանք այդ տարածքում։ Մենք արդեն մոտ 100 գործարք ունենք արած Վարդենուտ և Արագած գյուղերում»,- ասաց նա։
Հովսեփյանը նաև տեղեկացրեց, որ վարդենուտցիների հետ վարչապետի հանդիպումից հետո «ՌԻԴ» ընկերության հետ որևէ քննարկում չի եղել։
Հարցին, թե «ՌԻԴ» ընկերությունը պատրաստ է 1 քմ-ի համար 1000 դրամ վճարել գյուղացիներին, Հովակիմյանը չպատասխանեց։ Նա ընդգծեց, որ ՍՊԸ–ն ունի սեփականատեր, և նման փոփոխությունն ահռելի գումարների հետ է կապված, ինքը չի կարող որևէ խոստում տալ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենք գների մասով խնդրին միջամտելու իրավասություն չունեն, որովհետև կա անկախ մարմին, որը գնի հետ կապված գնահատում է իրականացնում։
«Պետությունը խնդրին միջամտելու իրավունք, գործիքակազմ չունի։ Միակ բանը, որ քաղաքացիներին կարող էինք առաջարկել, նախարարության միջոցներով հողերի վերագնահատում իրականացնելն էր, որին նրանք չեն համաձայնել»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ընդգծեց, որ չի կարող ասել 345 դրամը ցածր գին է, թե բարձր, բայց փաստն այն է, որ անկախ գնահատող մարմինն այդպես է գնահատել, ու իրենք ոչինչ անել չեն կարող։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2023 թվականի մարտի 2-ին hավանություն տվեց «ՌԻԴ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին, որի բյուջեն նախատեսված է 80 մլրդ դրամ։ Ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։