Երևանի «Հաղթանակ» զբոսայգում անցկացվում է թվով 6-րդ «Տարազֆեստ» քաղաքային-զբոսաշրջային փառատոնը։ Այստեղ Հայաստանի և Արցախի վարպետները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները՝ տիկնիկները, գործվածքներն ու զարդերը, իսկ համույթները` երգ ու պարը։ Հայ դիզայներներն ու մոդելներն էլ ցուցադրում են ազգային մոտիվներով կարված զգեստները։
Փառատոնն անցկացվում է Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
«Տարազֆեստ» փառատոնի կազմակերպիչ Օվսաննա Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի փառատոնի շրջանակում ներկայացված է 50 տաղավար, ընդհանուր առմամբ 6 դիզայներ է մասնակցում։ Փառատոնի նպատակն է մշակույթն ու ազգային ավանդույթները ցուցադրել և ներկայացնել զբոսաշրջիկներին։ Այն ունի երկու մաս, որոնցից առաջին ժամանակ ազգային աշխատանքների ցուցահանդես-վաճառք է իրականացվում, իսկ երկրորդի ժամանակ ազգային հագուստ է ցուցադրվում։
Փառատոնը մեկնարկել է օգոստոսի 10-ին, լինելու է նաև 11-ին։ Այն բաց է այցելուների համար առավոտյան ժամը 12։00-ից մինչև 22։00-22։30-ը։
Հիշեցնենք, որ փառատոնն առաջին անգամ անցկացվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 2016 թվականին, մնացած տարիներին այն անցկացվում է Երևանում։