Առնվազն 100 մարդ է զոհվել Գազայի դպրոցում իսրայելական հարվածի հետևանքով

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դպրոցի վրա հարվածը հասցվել է այն պատճառով, որ այնտեղ տեղակայված են եղել ՀԱՄԱՍ-ի մարտիկները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազա քաղաքում դպրոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Press TV հեռուստաալիքը:
«Հարյուր մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Գազայի Ալ-Տաբաին դպրոցին Իսրայելի հարվածի հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զոհվածների թվումկան կանայք և երեխաներ, նրանք այնտեղ են հայտնվել առավոտյան աղոթքի ժամանակ, հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 39,5 հազարը, տուժել է ավելի քան 91 հազարը:
Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի, Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Ռաֆախում, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը: