Սերժ Սարգսյանի եղբայրը և ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Ալեքսանդր Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ կատարված ուսումնասիրությունների հիման վրա, Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի ու ընտանիքի անդամների անվամբ գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»:
«Դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը: Այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը»,- գրում է կայքը։
Նշվում է, որ դատախազությունը բոլորին ծանուցել է, որ Սաշիկ Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել, ինչի հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա։
2019թ–ին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։