ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Փարիզ-2024 խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը հույս ունի, որ հաջորդ Օլիմպիական խաղերից իրեն կհաջողվի ոսկե մեդալով վերադառնալ։ Թեպետ այս անգամ էլ ոսկի նվաճելու նպատակով էր Փարիզ մեկնել, բայց ուրախ է, որ կարողացավ գոնե բրոնզե մեդալ վաստակել Հայաստանի համար։ Փարիզում լրագրողների հետ զրույցում ըմբիշը խոստովանեց, որ մինչ այս պահը դեռ չի դիտել իր գոտեմարտը։
«Չգիտեմ, թե որքան ժամանակ պետք է անցնի, որ պատրաստ լինեմ դիտել, հետևություններ անել, թե ինչն եմ սխալ արել, որ չկրկնեմ հետագայում»,- ասաց Ամոյանը։
Նա նաև հավելեց՝ թեպետ առաջին անգամ էր օլիմպիական խաղերին մասնակցում, բայց լարվածությունն այնքան մեծ չէր։
Հիշեցնենք, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը 6-5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգում պայքարում ու նվաճեց բրոնզե մեդալը։