ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ–ում օգոստոսի 2–ին մահացած 2–ամյա երեխան ունեցել է բնածին առողջական ծանր խնդիրներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ–ում օգոստոսի 2–ին մահացել է 2–ամյա տղա երեխա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ` սպանության հատկանիշներով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թ. օգոստոսի 12–ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ):
«2024 թ. օգոստոսի 2–ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս։
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։