ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայաստանը պետք է ակտիվորեն ինտեգրվի ԲՐԻԿՍ-ին` հատկապես հաշվի առնելով կազմակերպության մասնակիցների հետ արդեն գոյություն ունեցող ամուր տնտեսական կապերը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը։
Փորձագետի խոսքով՝ դրան կնպաստի նորաստեղծ «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնը, որը գործարկել է «Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ» համաժողովին: Կենտրոնը թույլ կտա Հայաստանին ավելի լավ հասկանալ ԲՐԻԿՍ-ի կառուցվածքը, փոխանակել տեղեկատվություն և որոշել, թե ինչ կարող է առաջարկել մեր երկիրն այդ կազմակերպությանը:
Մանասերյանն ընդգծել է, որ որպես ռազմավարական դաշինք՝ ԲՐԻԿՍ-ն արդեն կայացել է և շարունակում է ընդլայնվել, ուստի ինտեգրումը և մասնակցությունը համատեղ նախագծերին չափազանց կարևոր են: Նա հիշեցրել է, որ միավորմանն անդամակցում են Հայաստանի բարեկամ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Չինաստանը:
«Այդ երկրների հետ մենք արդեն սերտ համագործակցություն ունենք ինչպես առևտրի, այնպես էլ տնտեսության ոլորտում։ Նրանց թվում են նաև ԲՐԻԿՍ-ի հիմնադիրները՝ Ռուսաստանն ու Չինաստանը»,-նշել է Մանասերյանը։
Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի անմասն չմնա և խորացնի համագործակցությունն ինչպես միավորման անդամ երկրների, այնպես էլ ընդհանրապես կառույցի հետ: Մանասերյանը կարծում է, որ Երևանը պետք է իրեն դիրքավորի ոչ միայն որպես գյուղմթերք արտահանող, այլև զարգացնի հայկական սփյուռքի գիտական ներուժը և տեղեկատվական տեխնոլոգիաները:
Տնտեսագետը վստահ է, որ այս ոլորտներում մեր երկիրը հսկայական հնարավորություններ ունի։ Ինչ վերաբերում է ԲՐԻԿՍ-ին Հայաստանի անդամակցությանը, Մանասերյանը նշել է, որ իշխանությունները պետք է այդ ուղղությամբ ձեռնարկեն առաջին քայլերը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Երևանում պաշտոնապես իր աշխատանքն է սկսել «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնը: «Հայաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ» համաժողովում ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր Հայաստանի գործարար միավորումների ներկայացուցիչների և ԲՐԻԿՍ-ի Առևտրաարդյունաբերական պալատի, ԲՐԻԿՍ կենտրոնի և Ռուս-ասիական գործարար խորհրդի միջև: Կենտրոնի նպատակն է նպաստել բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը:
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը հիմնադրել են հինգ երկրներ՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան: Կառույցը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։ Այս տարի միավորումը նախագահում է Ռուսաստանը։