Վահան Քերոբյանը որդուն ԱՄՆ չի ուղեկցի․ դատարանը մերժեց միջնորդությունը

Դատարանի կարծիքով՝ Միացյալ Նահանգներ մեկնելու համար որևէ ծանրակշիռ պատճառաբանություն չի ներկայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կարող մեկնել ԱՄՆ՝ ամերիկյան համալսարան ընդունված որդուն ուղեկցելու համար։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։
Քերոբյանի պաշտպանները միջնորդել էին կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ թույլատրել 15 օրով բացակայել Հայաստանից, կամ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելը և ավելի խիստ խափանման միջոց` 2 մլն դրամ գրավ կիրառել։
Դատարանը գտնում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի՝ ԱՄՆ մեկնելու համար որևէ ծանրակշիռ պատճառաբանություն չի ներկայացվել։
«Դատարանը որոշում է մեղադրյալ Վահան Քերոբյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- հայտարարեց դատավորը։
Նշենք, որ Վահան Քերոբյանը ցանկություն էր հայտնել օգոստոսի 17-30-ը որդուն ուղեկցել ԱՄՆ և վերադառնալ Հայաստան։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։