ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուները և նպաստառուները 10 տոկոսի փոխարեն այսուհետ կունենան 12 տոկոսի հետվճար։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա տեղեկացրեց, որ փոփոխվում է նաև առավելագույն հետվճարի չափը` 5000 դրամից դառնալով 6000 դրամ։
Նախարարը նշեց, որ այս տարվա հուլիսի տվյալներով` այս ծրագրից արդեն իսկ օգտվում է 240 հազար շահառու, որոնց ծրագրից մեկնարկից` 2022 թ. հուլիսի 1-ից մինչև այս պահը տրամադրվել է շուրջ 9 մլրդ դրամ հետվճար։
Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ թշակառուներն ու նպաստառուները, հուլիսի տվյալներով, շուրջ 119 մլրդ դրամի անկանխիկ գործարք են արել։
Նա հիշեցրեց, որ այս պահին ՀՀ–ում 540 հազար թոշակառու բանկային քարտով է ստանում իր կենսաթոշակը. ծրագրի մեկնարկին նրաց թիվն ընդամենը 300 հազար էր։
Հավելենք, որ հետվճարի համակարգը գործարկվել է 2022-ի հուլիսի 1-ին։