Ներկայանում են ֆինանսական կառույցից, հայտնում շահումների մասին․ ԿԲ-ն զգուշացնում է չխաբվել

Քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին տիրանալու համար կեղծ պատմություններ են հորինում խոշոր շահումների, աշխատանքի առաջարկների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ՀՀ կենտրոնաբան բանկը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և որևէ անձի չտրամադրել անձնական, բանկային տվյալներ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներով, չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։
«Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին»,- նշված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։
Քաղաքացիներին մոլորեցնելու համար տարբեր պատմություններ են հորինվում, իբրև թե խոշոր շահում ունեն, աշխատանքի, տարբեր փաթեթների վերաբերյալ առաջարկներ են ուղարկում և այլն, տարբեր շփոթեցնող հնարքների դիմում։
Նշենք, որ օրեր առաջ Հայկական Կարմիր խաչը հաղորդագրություն տարածեց, որ ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով անձնական և բանկային տվյալներ հավաքագրում։ Կազմակերպությունից հատկապես կոչ էին անում զգոն լինել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։