ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանը լաստանավի կարիք այլևս չունի, քանի որ Ռուսաստանը Վերին Լարսի թողունակությունը մեծացրել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ լաստանավային հաղորդակցությունը պետք է Վերին Լարսի անցակետի այլընտրանք դառնար և թույլ տար հայկական բեռները հասցնել Ռուսաստան։
Նախարարի խոսքով` երբ Լարսում թողունակության խնդիր կար, այդ ժամանակ է լաստանավն անհրաժեշտ եղել, տնտեսվարողներն էլ օգտվել են դրանից։ Նա շեշտեց, որ դա կարճ է տևել, քանի որ զուգահեռ Լարսի թողունակությունն ավելացել է։
«Լաստանավին զուգահեռ Ռուսաստանը մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով։ Լաստանավը վարձակալված է եղել, հիմա դրա կարիքը չկա։ Լաստանավ վարձակալելն արդեն նպատակահարմար չէ։ Մեր տնտեսվարողները շարունակում են օգտվել Լարսի ճանապարհից, թեկուզ հերթերի միջոցով նախընտրում են դա։ Այդ հերթերը, իմ կարծիքով, առաջիկայում կքչանան, և խնդիրը կլուծվի»,- նշեց Պապոյանը։
Նախարարն ընդգծեց` լաստանավ վարձակալելը Հայաստանի Հանրապետության համար պահեստային տարբերակ է։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռ հունվարին հայտնել էր, որ լաստանավային հաղորդակցությունը գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, քանի որ այն արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չի առաջացրել։