Արցախի հարցով ի՞նչ են խոսել Օբաման ու Սարգսյանը գրեթե 14 տարի առաջ․ գաղտնազերծված զրույց

Սերժ Սարգսյան
Ըստ հրապարակված զրույցի՝ Սերժ Սարգսյանն ասել է՝ ավելի լավ է ստատուս-քվոն մնա, քան թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի և Սերժ Սարգսյանի զրույցից մի հատված, որը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 12-ին Վաշինգտոնում։
«Կան քաղաքական ծախսեր, որ մենք՝ առաջնորդներս, երբեմն վճարում ենք, երբ համարում ենք ճիշտ՝ առաջ գնալու համար, ու միշտ չէ, որ ժողովուրդը համաձայն է այդ որոշումների հետ: Թուրքիան դրական ազդակ է ուզում, ինչը կարող է քաղաքական տանիք դառնալ արձանագրությունների վավերացման հարցում առաջ գնալու համար։ Խնդրում եմ ազդակ ուղարկել, թե Դուք համարո՞ւմ եք, որ կա նման հնարավորություն Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ առաջ գնալու համար: Խնդրում եմ անկեղծ ասել՝ նման հնարավորություն կա՞, թե՞ չկա»,- ըստ հրապարակվածի՝ այսպիսի հարց է ուղղել Օբաման Սարգսյանին։
Սերժ Սարգսյանը պատասխանել է` երբ թուրքական կողմն ասում է «ազդակ», նկատի ունի հայկական կողմից միակողմանի զիջում: ՀՀ երրորդ նախագահը շեշտել է՝ նման հնարավորություն չկա միակողմանի զիջումների գնալու՝ Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Մենք ուզում ենք, որ այդ հակամարտությունը լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հակամարտության լուծման հարցում ամենաշահագրգիռը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է, հետո Հայաստանի Հանրապետությունը, հետո նոր՝ Ադրբեջանը, ապա միայն Թուրքիան: Արդեն 20 տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատերազմի մշտական վտանգի տակ է, ինչը նրան թույլ չի տալիս զարգանալ ու ապրել բնականոն կյանքով: Մենք իսկապես պատրաստ չենք Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին: Դա կնշանակի, որ այդ տարածքում մեկ հայ չի մնա»,- ասել է Սարգսյանը։
Օբաման հավելել է, որ որևէ մեկը չի էլ ենթադրում Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, բայց և ընդգծել է, որ Հայաստանը մեծ օգուտ կստանա սահմանի բացումից։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ պետք է շարունակել գործընթացն ու այն տրամաբանական ավարտի հասցնել։
«Եթե Հայաստանը հրաժարվի արձանագրություններից, ենթադրում եմ, որ Թուրքիան ուրախությամբ կընդունի և ուրախությամբ կապահովի այսօրվա ստատուս-քվոն: Այդ դեպքում Հայաստանը վնասներ կկրի, իսկ Թուրքիան՝ ոչ: Դրա համար կշարունակենք մեր ներգրավվածությունը Հայաստանի հետ ու զուգահեռ կաշխատենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Մեր կողմից կարող ենք երաշխավորել, որ ճնշում կգործադրենք Ադրբեջանի նկատմամբ, որ այս փուլում բարձրացնենք հարցի կարևորությունը»,- ասել է Օբաման։
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ եթե մի օր Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ մեկ հայ չի մնա: Նա հիշեցրել է 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, այն, ինչ Նախիջևանում եղավ և այլն։ Սարգսյանը նշել է, որ ավելի լավ է ստատուս-քվոն, քան այնպիսի արհեստական լուծումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կբերի նոր ողբերգություն։
«Լա՛վ, մենք այս արևի տակ ապրելու իրավունք չունե՞նք։ Մի՞թե դա արդար է»,- հարցրել է Սերժ Սարգսյանը։
«Գիտեք, պարո՛ն նախագահ, այս տարիների ընթացքում սովորել եմ, որ միշտ չէ, որ հարցերն արդար են լուծվում։ Միշտ չէ, որ աշխարհն արդար է»,- ի պատասխան ասել է Բարաք Օբաման։
Հավելենք, որ մի քանի օր առաջ էլ Սամվել Ֆարմանյանը հրապարակել էր Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի բանակցություններից մի հատված, որը տեղի է ունեցել 2010 թ․ մարտի 10-ին Ելիսեյան պալատում։
Ըստ հրապարակման՝ Սարգսյանը Սարկոզիին ասել է՝ եթե Ադրբեջանը ստորագրի ուժի չկիրառման համաձայնագիր, որով նաև ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինքն էլ պատրաստ կլինի հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքների մինչև վերջին միլիմետրը, որոնք գտնվում են ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, կվերադարձվեն Ադրբեջանին։