ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրներից։
Հանդիպումը տեղի կունենա Իրանում. երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, կքննարկեն երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր:
Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ ներկայում Հայաստանի՝ որպես օպերատորի մասնակցության ձևաչափը հայտնի չէ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ նոր երթուղիների գործարկումը կբարձրացնի Հայաստանի առևտրային ներուժը: Երևանը հուսալի մուտք կունենա Հնդկաստան, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։
Հիշեցնենք, որ երթուղով նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից ապրանքների տեղափոխում դեպի ԵՄ և ԵԱՏՄ: Այսպես, հնդկական Մումբաի նավահանգստից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային եղանակով՝ Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև՝ Վրաստան ևարդեն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ, կամ էլ Ռուսաստան (ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։
Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։ Ներկայում ծովային անցումը կապված է բարդությունների հետ:
Իրանի և Հայաստանի տարածքով երթուղին Հնդկաստանին և Պարսից ծոցի երկրներին թույլ կտա 25 տոկոսով կրճատել լոգիստիկ ծախսերը, ինչպես նաև, գրեթե կրկնակի, փոխադրման ժամանակը (ներկա դրությամբ Սուեզի ջրանցքով անհրաժեշտ 40 օր ժամկետը նվազեցնելով մինչև 18 օրվա): Հայաստանն այդ դեպքում կդառնա կարևոր տարանցիկ հանգույց։
Այսպիսով, Երևանը սևծովյան վրացական նավահանգիստներով Հնդկաստանը և Իրանը կկապի Եվրոպայի հետ և հակառակը՝ ԵՄ-ն Հնդկաստանի հետ, իսկ Հայաստանի տարածքով միջանցքը Հնդկաստանին թույլ կտա մուտք գործել Սև ծովի նավահանգիստներ, ինչպես նաև, ավելի կարճ երթուղով՝ ԵԱՏՄ շուկա։