Երբ ինքնաթիռում ուղևորների մեծ մասը հայեր են
Ավելի շուտ ծերունի, քան պարզապես տարեց ուղևորը նստած էր բիզնես դասի սրահի անմիջապես հետևի միջանցքի մոտ և Փարիզ–Երևան թռիչքի ժամանակ անընդհատ վեր էր կենում տեղից։ Գնում էր դեպի զուգարան: Գնում էր ծանր քայլերով, սայթաքելով:
Էկոնոմ դասի ուղևորների համար նախատեսված զուգարանը գտնվում էր «Airbus»-ի հենց պոչում, ու գնալը երկար էր, իսկ մյուսը, որ գտնվում էր օդաչուների խցիկի հետևում, շատ մոտ էր։ Ծերունին որոշեց օգտվել մոտիկ զուգարանից։
Բորտուղեկցորդուհիներն ընդվզեցին։
- Սա միայն այստեղ նստած ուղևորների համար է, - ծլվլացին նրանք ֆրանսերենով, որը ծերունին չէր հասկանում, և փակեցին նրա ճանապարհը։
Անդորրը խախտողը կաղալով հետ դարձավ, բայց կանգ առավ, հավաքեց մտքերը և սկսեց բացատրել հայերեն չիմացող բորտուղեկցորդուհիներին, թե ինչու է ինքը հենց այդ զուգարան գնում։ Ի վերջո, բորտուղեկցորդուհիները նահանջեցին, և ամբողջ ճանապարհին բարձրության վրա գտնվող անձանց (բառի ինչպես բուն, այնպես էլ փոխաբերական իմաստով) համար նախատեսված զուգարանից օգտվում էր նաև իմ հարևանը։
Իսկ այդ ընթացքում արտոնյալ կարգով թռչող ուղևորները, որոնց ճնշող մեծամասնությունը ֆրանսիահայեր էին և տեղացի հայեր, բերանները ջուր առած նստած էին։
Որևէ մեկը չպաշտպանեց ծերունուն, «Էյր Ֆրանսի» կանոնադրությանը խստորեն հետևող բորտուղեկցորդուհիներին ոչ ոք չբացատրեց, որ խնդիր չկա, եթե անհարմար դրության մեջ հայտնված ծերունին թռիչքի ընթացքում մի քանի րոպեով զբաղեցնի զուգարանը։
Էլ չասենք, որ բիզնես դասում ազատ տեղերն այնքան էին, որ հայ մսյոները կարող էին դրանցից մեկը մեծահոգաբար առաջարկել հայրենակցին։ Չառաջարկեցին։ Մեկը հայացքն էր թեքել, մյուսն իր «iPhone»–ին էր նայում, երրորդն էլ անտարբեր դիտում էր, թե ինչպես են օդային փերիները փորձում սովորական ուղևորին թույլ չտալ անցնել արգելված սահմանը։
Ստացվում է՝ դասակարգային մտածողությունը դեռ չի՞ վերացել։ Իսկ մարդկային պարզ կարեկցա՞նքը:
Կոտրված հայերեն ու անօգուտ դարման
Մեջտեղի բազկաթոռն ազատ էր։ Պատուհանի մոտ մի երիտասարդ էր նստած, որն ինքնաթիռը շարժվելու հենց առաջին րոպեից գլուխը մտցրել էր ծածկոցի տակ և այդպես մնաց մինչև վայրէջքը, իսկ միջանցքին մոտ նստած էի ես՝ օվկիանոսի վրայով թռչելուց հոգնած և հիմա նորից բազկաթոռին ամրակապված՝ Փարիզից Երևան թռչելու համար։
... Երևի թռիչքի կեսն էր դեռ անցել, երբ մի կին մոտեցավ ու հարցրեց. «Կարո՞ղ եմ մեջտեղի բազկաթոռին նստել»։ Նստեց ու բացատրեց․ «Հիմա ավագ թոռնուհիս կարող է ամբողջ հասակով մեկնվել ու քնել»:
- Թոռներ ունե՞ք, - հարցրեց քիչ անց։
- Հինգը, - հպարտ պատասխանեցի:
- Աստված պահի։ Ես էլ ութն ունեմ,- «զգետնեց» նա ինձ։
Խոսքը խոսքի հետևից շատ բան իմացա հարևանուհուս մասին․․․ Իսկ հիմա՝ լսածներիցս ամենակարևորը: Կինն անմնացորդ սիրում է իր երեխաներին և թոռներին, և դա զարմանալի չէր լինի, եթե չհնչեր կրկնվող ճշտումը. «Հիմա նրանց համար դժվար է, շատ ավելի դժվար, քան երբևէ որևէ մեկի համար»:
- Բանն այն է,- բացատրեց նա, - որ այսօր նրանց համար լավ է և՛ Կանադայում, և՛ Նորվեգիայում, և՛ Ֆրանսիայում, և՛ Իտալիայում՝ ամենուր, հնարավոր է` նաև Թուրքիայում։ Ուզում եմ ասել, որ բոլոր հայերի համար` մեծ թե փոքր, հաջողակ–անհաջողակ, հիվանդ ու առողջ, ամենալավը եղել է Հայաստանում։ Դա՛ չեմ տեսնում, ու քանի գնում, քչանում է։
Այնուհետև զրուցակիցս անդրադարձավ Հայաստանի նվազող բնակչության տարեգրությանը, ամեն-ամեն ինչի թանկացման թեմային և, նկատելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը երբեմն ավելի սարսափելի է լինում, քան բուն կոռուպցիան, պատրաստվում էր շարունակել, բայց մոտեցավ նրա թոռը, հետո թոռնուհին, և սկսեցին տատիկից պահանջել վերադառնալ իր տեղը։
Տատիկն ակնհայտորեն ամաչեց: Պահանջն արտահայտվեց խիստ կոտրված հայերենով՝ ակնհայտորեն անգլերեն շեշտադրմամբ։
Դժվար չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինի նրանց ապագան։ Ու սա այն դեպքերից է, որ ո՛չ «Ջերմուկը» կօգնի, ո՛չ «Բորժոմը»։
Եվ նորից լեզվի մասին
Հիմա՝ ռուսերենի: Քաղաքական մեկնաբանն ինչ–որ բան էր խոսում, հայերեն պատմում էր Միչիգանի հայերի համար։ Եվ հանկարծ ռուսերեն բառ օգտագործեց։ «Խնդրում եմ ներել օտար բառիս համար, կներեք, հայերեն հոմանիշը չկարողացա գտնել, հասկանում եմ` խախտում եմ կանոնները, բայց...», և նման ներողություն խնդրող հիմարություն։ Ելույթի մեջ անընդհատ խցկելով անգլերեն բառեր ու բառակապակցություններ՝ մեկնաբանը, չգիտես ինչու, ներողություն չխնդրեց ։
Անգլերենը վաղուց կարծես մերն է, բնիկ, «կոնդյան»: Զվարճալի բան հիշեցի․ մի անգամ լրագրողների հետ զրուցելիս «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հանկարծ կակազեց, գլուխը բարձրացրեց դեպի երկինք և մտքերի մեջ ընկավ. «Հայերեն դա ո՞նց ասեմ․․․»։
Ենթադրվում է, որ նա ազատ ժամանակ, երբ չի շփվում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, բնագրով Շեքսպիր է կարդում, ու դա է պատճառը, որ հայերենին անցնելը հեշտ չի տրվում։
... Փարիզ-Երևան չվերթի վայրէջքին սպասող հայ ուղևորները շատ էին։ Ժամանակը կարճելու համար նրանցից շատերը խորասուզվել էին հեռախոսներում, ոմանք զրուցում էին, հաղորդագրություններ ուղարկում–ստանում, լուրեր կարդում։
Ու գրեթե բոլորը ռուսերեն տեքստեր էին ուղարկում-ստանում, ինտերնետային լուրերը նույնպես ռուսերեն էին կարդում։ Եվ ոչ մեկը մյուսից ներողություն չէր խնդրում։ Ինչո՞ւ խնդրեին։