Դիլիջանում 51–ամյա Արթուր Ուլիխանյանի սպանության գործով մասնակիցներից մեկը կալանավորվել է

Սպանություն, սպանության փորձ դիլիջանում
Երկու տղամարդկանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրվողներից մեկը դեռևս բուժկենտրոնում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Դիլիջանում օգոստոսի 5-ին տեղի ունեցած սպանության և սպանության փորձի փաստով երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից մեկը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիլիջանի անտառներից մեկում սպանություն է տեղի ունեցել. մահացածը մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարզային վարչությունը ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացին իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու, որը, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է` գիտակցության չգալով։
ՔԿ-ն օգոստոսի 6-ին որոշ մանրամասներ էր հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ. վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագ Հ.-ն դանակով հարվածել է դիլիջանցի 46-ամյա Հարություն Ղ.-ին, ինչից հետո վերջինս նույն դանակով հարվածել է Արթուր Ուլիխանյանին և Վահագ Հ.-ին:
38-ամյա Վահագն Հ․-ի և 46-ամյա Հարություն Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանց մեղադրանքներ են ներկայացվել։
Վահագն Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), իսկ 46-ամյա Հարություն Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Վահագն Հ․-ն կալանավորված է, իսկ Հարություն Ղ․-ն դեռևս բուժկենտրոնում է։ Նշվում է, որ 38-ամյա տղամարդը նրան կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ է հասցրել, ակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել 46-ամյա տղամարդուն ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության շնորհիվ:
Նախաքննությունը շարունակվում է։