Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱՄՆ-ն Կիևից տվյալներ կխնդրի Կուրսկի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման մասին

Սպիտակ տունն արձագանքել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ռուսաստանի Կուրսկի շրջանի վրա հարձակման շուրջ ստեղծված իրավիճակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է պարզաբանումներ պահանջել Կիևից Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
«Վերջին բանը, որ կցանկանայի ավելացնել, այն է, որ մենք մտադիր ենք կապ հաստատել մեր ուկրաինացի գործընկերների հետ՝ կատարվածի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար»,-ասել է Կիրբին ճեպազրույցի ժամանակ:
Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ռուսական տարածքում ամերիկյան սպառազինությունների կիրառման վերաբերյալ Կուրսկի շրջանում տեղի ունեցած հարձակումների լույսի ներքո փոփոխությունների չի ենթարկվել:
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ օգոստոսի 6-ին, առավոտյան ժամը 5:30-ին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները՝ մինչև հազար մարդ թվաքանակով, հարձակման են անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով: Նա նշել է, որ նրանց առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը դադարեցվել է։
Մարտերը շարունակվում են․ ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Կուրսկի մարզի սահմանին տիրող իրավիճակը
Գերասիմովի տվյալներով՝ Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները կազմել են 315 մարդ, այդ թվում՝ առնվազն 100 սպանված: Բացի այդ, Կիևը կորցրել է 54 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 7 տանկ։ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմանից նրան դուրս հանելով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, խառը կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: