Պատիվ է խաղալ նախնյաց հայրենիքի համար. Ավանեսյանն ասել է` երբ հանդես կգա ՀՀ դրոշի ներքո

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Համաշխարհային վարկանիշային աղյուսակում 58–րդ տեղը զբաղեցնող մարզուհին փոխել է քաղաքացիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաստատել է, որ ՀՀ քաղաքացիություն է ստացել: Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կանանց թենիսի ասոցիացիան թարմացրել է թենիսիստ Էլինա Ավանեսյանի մարզական քաղաքացիության մասին տեղեկությունը։ Օգոստոսի 5-ի նոր վարկանիշում նա նշված է որպես Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի ներկայացուցիչ:
«Ինձ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ ստացել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հպարտությամբ ներկայացնելու եմ Հայաստանը` սկսած երկուշաբթի օրվանից Ցինցինատիի բաց առաջնությունում։ Այս ճամփորդությունն անհավանական էր։ Ուրախ եմ խաղադաշտում իմ լավագույն որակները ցուցադրելու և իմ նախնիների հայրենիքի համար խաղալու հնարավորության համար։ Շնորհակալություն բոլորին ձեր անսասան աջակցության համար»,– գրել է նա։
Նշենք, որ Էլինա Ավանեսյանը 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում։ Թենիսիստուհին համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 58-րդ տեղը: Հուլիսին նա հասավ WTA–ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի իր կարիերայի առաջին եզրափակիչին, որն անցկացվում էր Ռումինիայի Յասսի քաղաքում: Եզրափակչում նա պարտվել է ռուս Միրրա Անդրեևային։