Նրանք պարզապես անհեթեթ թեզեր են առաջ քաշում, որոնց ընդդիմադիրները ոչ պակաս անհեթեթ պնդումներով են արձագանքում։
Ահա թե ինչ է գրում սոցցանցերի օգտատերերից մեկը. «Ինչո՞ւ են մեր քաղաքական դաշտի դերակատարները հասարակությանը ներկայանում «մեսիայի» կերպարով: Փաշինյանը «համեստորեն» իրեն Հիսուս Քրիստոսի հետ է համեմատում, վարչապետին Նեռ կոչողն էլ ազդարարում է, թե իրեն Տեր Աստված է ուղարկել: Եթե էս միստիկ զրույցները թողնենք մի կողմ, պիտի արձանագրենք պարզ, սովորական մի բան՝ Հայաստանում հավաքական կերպով սպանվում են քաղաքականությունն ու քաղաքական միտքը: Փաշինյանն, անշուշտ, պետք է հեռացվի, բայց դա հնարավոր է միայն մի պարագայում՝ երբ նրա քաղաքական «մերկությունը» բացահայտվի ռեալիստական դիրքերից և թեզերով»:
Համաձայնե′ք՝ մեր հասարակությանն արդեն շատ դժվար է որևէ բանով զարմացնել։ Մեծ աղմուկ չբարձրացավ նաև այն ժամանակ, երբ գլխավոր դատախազությունը հաղորդեց, թե Ամերիկայում դատարանի վճռով առգրավվել է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող առանձնատունը, որի արժեքը 63 միլիոն դոլարից ավելի է։
Հայաստանցի մեկնաբաններից մեկը «Ֆեյսբուքում» գրում է. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները լուրջ կապիտալ էին կուտակել (ներկաները դեռ շարունակում են հմտանալ թալանի գործում)։ Գագիկ Խաչատրյանը նախորդ իշխանության միակ դոլարային միլիոնատերը չէր. վստահաբար, այդ շարքերում կային նաև միլիարդատերեր։ Գագիկ Խաչատրյանը նաև միակ պաշտոնյան չէր, որ իր կուտակած կապիտալը տեղափոխել էր Արևմուտք։ Ուղղակի նրա օրինակը ազդանշան է նախորդ իշխանության` թալանով զբաղված բոլոր դեմքերի համար, որ իրենց կուտակած կապիտալը, իրենց կյանքի գլխավոր իմաստը այլևս անձեռնմխելի չէ, ու եթե Փաշինյանի կառավարությանը պետք լինի, ապա այն կբռնագանձվի։ Հենց այս հանգամանքն է, որ նախորդ իշխանության շատ ներկայացուցիչների կարծես ստիպում է հեռու մնալ քաղաքական գործընթացներից։ Արցախի մասին պատերի տակ հայրենասիրական ճառեր ասող նախկին օլիգարխ-չինովնիկները մատը մատին չեն խփում, իրենց գրպանից կես դոլար անգամ չեն ծախսում Փաշինյանի իշխանության դեմ պայքարի համար»։
Ու կրկին Հյուսիս-հարավ հիրավի բազմաչարչար ավտոմայրուղու մասին, որի շինարարությունը շարունակվում է գրեթե 15 տարի։ Հայաստանցիներից մեկը վերջերս իր մեքենայով հյուսիսից հարավ կտրել անցել է Հայաստանը։ Թույլ տվեք ուղղակի մի փոքր հատված մեջբերել իր տպավորություններից. «Այս ամբողջ ճանապարհին կա երկու բարվոք հատված. Վանաձորից (Ապարանով) դեպի Երևան, և Արտաշատի խճուղին։ Ամենասոսկալին Տաթևից Կապան ընկած հատվածն է, որով անցնում են Պարսկաստանից եկող ֆուռերը։ Ճանապարհը բարձր լեռնային է, բազմաթիվ ոլորաններով, տեղ-տեղ քանդված ասֆալտով ու շատ նեղ հատվածներով։ Անթիվ-անհամար բեռնատարներ ու ֆուռեր են անցնում այդ ճանապարհով, և ամեն անգամ տեսնելով, թե ոնց է հերթական ֆուռը մի կերպ անցնում այդ հատվածով, ուղղակի ցավ էի ապրում այդ վարորդների փոխարեն և ամոթ՝ մեր բոլորի փոխարեն»։
Մեկ այլ ականատեսի վկայություններով եմ ուզում ամփոփել սոցցանցերի գրառումների տեսությունը։ Բայց խոսքն այս անգամ ոչ թե Հայաստանի, այլ Լիբանանի մասին է։ Գիտեք երևի, որ անցած շաբաթա վերջին Հայաստանի արտգործնախարարությունն էլ, հետևելով այլ երկրների օրինակին, քաղաքացիներին հորդորեց միառժամանակ ձեռնպահ մնալ Լիբանան այցելելուց։ Պատճառը հայտնի է՝ Բեյրութի բնակիչները ամեն ժամ սպասում են վատթարագույնին։ Լսենք լիբանանահայերից մեկի պատմածը. «Այս առաւօտ ինքնաշարժով կ՛անցնիմ ներքին թաղամասէ մը։ Յանկարծ խանութպանները դուրս կը վազեն և բոլորին հայեացքները կ՛ուղղուին դէպի երկինք։ «Սկսան» կը բացագանչէ մէկը։ Կանգ կ՛առնեմ, կ՛իջնեմ ինքնաշարժէն իմանալու համար եղելութիւնը։ Երկու պայթումի ձայն լսուած է։ Ի յայտ կու գայ, որ իսրայէլեան օդուժը պարզապես խզած է ձայնի սահմանը։ Այսպէս կ՛ապրինք այսօր Լիբանանի մէջ: Պատերազմի, աւերի, մահուան եւ անորոշութեան ընդհանուր սպառնալիքի ու արհաւիրքի մթնոլորտին մէջ, երբ մարդ կը սպասէ, սակայն չի գիտեր, թէ ինչի՞ կը սպասէ, իսկապէս մոլորեցնող ու ճնշող ապրում է։ Բոլորը դարձած են պարզապէս գուշակ կամ գուշակներու կանխատեսումներուն հետեւորդ: Սպասողական ճմլիչ այս հոգեվիճակին մէջ, սակայն, անբնական ու անհասկնալի երեւոյթ մը կը պարզուի։ Կը տեսնենք, որ կեանքը բնականոն ու ընթացիկ կերպով շարունակելու վճռակամութիւնը դարձած է պայքարի նոր ոճ եւ ընկալում, ու պատերազմի հաւանականութիւնը չտեսնելու և անտեսելու տրամադրութիւն: Ծրագրուած ձեռնարկները, երգահանդէսներն ու ամառնային փառատօները տարբեր շրջաններու մէջ հիմնականում չեն հետաձգուիր ու կը շարունակուին: Նոր տեսակի պատերազմ և ժողովուրդի կողմէ նոր տեսակի հակադարձութիւն։ Այս է այսօրուան լիբանանեան խճանկարը։ Մինչ այդ մաղթենք, որ մարդկային կորուստի դառն կսկիծը հեռու մնայ և զոհասեղանը դարձեալ չթարմացուի։ Համբերութիւն՝ սպասման այս նոր տեսակի պատերազմին մէջ», –եզրափակել է լիբանանահայերից մեկը։