ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի -Sputnik. «Միսս ԱՄՆ-2024» մրցույթում հաղթել է Միչիգանի ներկայացուցիչ Ալմա Կուպերը։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ Լոս Անջելեսի Peacock թատրոնում։
Ալման, ով ԱՄՆ բանակի գործող սպա է և Knight-Hennessy ծրագրի կրթաթոշակառու, առաջ է անցել 50 այլ մասնակիցներից՝ դառնալով «Միսս ԱՄՆ» տիտղոսի 73-րդ հաղթողը:
«Որպես ներգաղթյալ բանվորի դուստր, հպարտ աֆրոլատինոամերիկացի և ԱՄՆ բանակի սպա՝ ես ապրում եմ ամերիկյան երազանքով: Եթե կա մի բան, որ իմ կյանքն ու մայրս ինձ սովորեցրել են՝ դա այն է, որ հանգամանքները երբեք չեն որոշում քո ճակատագիրը. դու կարող ես հաջողությունը դարձնել հասանելի»,-ասել է Կուպերը մրցույթի եզրափակիչ հարցուպատասխանի ժամանակ:
Քոնոր Փերին Քենտուկիից և Դանիկա Քրիստոֆերսոնն Օկլահոմայից ճանաչվել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ մրցանակակիրներ: Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Օհայոյի և Թենեսիի ներկայացուցիչներ Մեյսի Հադսոնը և Քրիստել Ֆուտը:
Ալմա Կուպերը Ուեսթ Փոյնթի ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտ է՝ մաթեմատիկայի դիպլոմով։ Ներկայումս սովորում է Սթենֆորդի համալսարանում՝ տվյալների գիտության մագիստրոսի կոչում ստանալու համար: Նա դարձել է Միչիգանի չորրորդ ներկայացուցիչը, որը նվաճել է «Միսս ԱՄՆ» տիտղոսը։
Կուպերը կներկայացնի ԱՄՆ-ը «Միսս Տիեզերք-2024» մրցույթում, որը կանցկացվի նոյեմբերին՝ Մեքսիկայում:
«Միսս ԱՄՆ» մրցույթն անցկացվում է 1952 թվականից։