ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի տարածքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ 14-ամյա Արսեն Ս.–ին և 8-ամյա Ռուբեն Խ.–ին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Երեխաները հեծանվով երթևեկելիս են եղել` 14-ամյա երեխան վարել է այն, իսկ 8-ամյան` հեծանվի հետնամասում է նստած եղել։
Սկզբում երեխաները տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, ինչից հետո տեղափոխվել են Երևան` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը հայտնեց, որ վրաերթի ենթարկված 14-ամյա երեխան ընդունվել է ծանր վիճակում, գիտակցության խանգարումներով։
«Այս պահին նրա վիճակը կայուն է։ 8-ամյա երեխան ընդունվել է միջին ծանրությամբ։ Այս պահին երեխայի վիճակը բավարար է։ Երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ»,– ասաց խոսնակը։
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: