ՌԴ–ի հետ հարաբերությունները մեր քաղաքականության առաջնահերթություններից են. Փեզեշքիան

Իրանի ղեկավարը նշել է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրերի իրականացման գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Այս մասին, ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը ծանր ժամանակներում իրանցի ազգին աջակցող երկրների թվում է...Ռազմավարական այս գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է...Անհրաժեշտ է արագացնել երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի իրականացումը»,– ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդության դարաշրջանն անցել է, և Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունը կբարձրացնի անվտանգությունը համաշխարհային մակարդակում:
Փեզեշքիանը կարևորել է նաև երկու երկրների տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը:
Ծայրահեղ իրավիճակ է. Սիյարտոն՝ Իրանի և Իսրայելի գործընկերների հետ խոսելուց հետո
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, ԲՐԻԿՍ–ի և ՇՀԿ–ի շրջանակում: