ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։ Տեղեկությունը հայտնում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը:
Վարժանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայաստանը չկա մասնակիցների ցանկում։
Երեք օրվա ընթացքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները կկատարելագործեն փոխգործակցության հմտությունները:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ստորաբաժանումները անօրինական զինված կազմավորումների որոնման, հայտնաբերման և ոչնչացման համատեղ գործողությունների գործնական հմտություններ ձեռք կբերեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկջոկատայինները ավիացիա և ԱԹՍ-ների օգնությամբ կմշակեն շենքերի և տրանսպորտի գրոհ, պատանդների ազատ արձակում ու գրոհայինների չեզոքացում:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: