Հայաստանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ–ի «Փոխգործակցություն-2024» զորավարժությանը

«Փոխգործակցություն–2024» հրամանատարաշտաբային վարժանքը կանցկացվի սեպտեմբերի 3–15–ն ընկած ժամանակահատվածում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանը չի մասնակցի սեպտեմբերի սկզբին Ղրղզստանում կայանալիք «Փոխգործակցություն–2024» հրամանատարաշտաբային զորավարժությանը։ Այս մասին հայտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Փոխգործակցություն–2024» հրամանատարաշտաբային վարժանքը կանցկացվի սեպտեմբերի 3–15–ն ընկած ժամանակահատվածում:
«Հայկական կողմը տեղեկացրել է, որ զորավարժություններին մասնակցություն չի նախատեսում»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ–ից տեղեկացնում են նաև, որ առաջիկա զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական գործողությունների նոր մարտավարական հնարքների և փորձի ներդրման հետ կապված խնդիրներ:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի մասնակցի նաև «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 14-16-ը Նովոսիբիրսկում։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: