ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արդեն 9 տարի Հայաստանում նորածինների ամենատարածված անունները շարունակում են մնալ Դավիթն ու Նարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով 2024 թվականի հունվար–հունիս ամիսներին ծնված փոքրիկներին տրված անունների ցանկը։
2024 թվականի առաջին 6 ամիսներին ՀՀ–ում ծնվել է 15671 երեխա` 7450 աղջիկ և 8221 տղա։ Այս տարվա 6 ամսում 292 Նարե է ծնվել (2023–ին՝ մեկ տարում` 747), 545 Դավիթ (2023–ին` 1 251)։
Տղա նորածինների անունների վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Նարեկ անունն է (420), երրորդ տեղում` Հայկը (285), 4–րդում՝ Միքայելը (261)։
Աղջիկների անունների երկրորդ հորիզոնականում Լուսեն է (249 նորածին), երրորդ տեղում` Արփին (246), 4–րդում` Մարիան (229)։
Տղաների ցանկի առաջին տասնյակում ներառված են նաև Մարկ, Լեո, Արեգ, Մոնթե, Ռոբերտ, Տիգրան անունները, իսկ աղջիկների առաջին տասնյակում` Մարի, Եվա, Անահիտ, Մանե, Մարիամ, Լյուսի անունները։
Յուրաքանչյուր ցանկում 50 անուն է ներառված, որոնց վերջին 5 հորիզոնականներում են հայտնվել տղաների դեպքում՝ Մաքսը, Ադամը, Գրիգորը, Անդրանիկը, Մանվելը, աղջիկների դեպքում՝ Լուսի, Կարինե, Սուսաննա, Լուսինե, Վիկտորյա անունները։