Տեղատարափ անձրևները խախտել են Պրիմորիեի 8 համայնքների տրանսպորտային հաղորդակցությունը 23 բնակավայրերի հետ: Այս մասին հայտնում է երկրամասի գործադիր իշխանությունը:
Պրիմորիեի Օլգինսկի շրջանում ջրի ուժգին հոսանքն ավերել է գետանցումը։ Բնակավայրերի մի մասը կտրվել է վարչական կենտրոնից։
Անցած և այս շաբաթների ընթացքում տարածաշրջանում հորդառատ անձրևներ են տեղացել․ օդերևութաբանները 4 անգամ զգուշացրել են հավանական փոթորիկների մասին։
Հեղեղումների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է մտցվել Շկոտովսկի շրջանում, Պարտիզանսկ քաղաքում և նույնանուն օկրուգում։ Ցանքատարածությունների հեղեղման պատճառով արտակարգ դրություն Է մտցվել երկրամասի ևս 14 շրջաններում։
Շաբաթ առավոտյան տարածաշրջանային տրանսպորտի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ջրհեղեղները դժվարացնում են երթևեկությունը տարածաշրջանի 10 համայնքներում: