Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Շեբեկինո քաղաքում բազմաբնակարան շենքի վրա դրոն է հարձակվել, զոհվել է կին․ Գլադկով

Մարզպետի խոսքով՝ կինը մահացել է տեղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Շեբեկինոյում բազմաբնակարան շենքի վրա ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով կին է մահացել։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի մարզի երեք բնակավայրերի վրա։ Մեծ ցավով հայտնում եմ, որ Շեբեկինոյում բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Ստացած վերքերից կինը մահացել է տեղում՝ մինչև բժիշկների ժամանումը», - գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ քաղաքում երեք դրոնների հարձակումների հետևանքով վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի բնակարանների ապակեպատ ծածկն ու ներքին հարդարանքը: Եվս 2 ԱԹՍ հարվածել է երկու առանձնատների, ինչի հետևանքով հրկիզվել են տանիքները։ Տների հրդեհը մարվել է, ընդգծել է մարզպետը։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածքները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: