ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը կազմակերպած պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը հաշվեհարդարի սպառնալիքների վերաբերյալ բողոք է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է «Le Parisien»-ը։
Ընկերությունն օգոստոսի 2-ին վիրավորանքներով և սպառնալիքներով մի քանի նամակ է ստացել արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլիի և ընկերության առանցքային ղեկավարների հասցեին: Նամակներում մասնավորապես ասվել է. «Ալլահի պատիժը վրա կհասնի կազմակերպիչներին»:
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Ջոլիի բողոքների կապակցությամբ: Նրա ստացած հաղորդագրություններում մահվան սպառնալիքներ են եղել՝ կապված ծագման և սեռական կողմնորոշման հետ։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Միջոցառումը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես «Խորհրդավոր ընթրիքը» նմանակող տրանսվեստիտների ելույթի և Ապոկալիպսիսի գուժկանին հիշեցնող ձիավորի պատճառով։