Մեկ շաբաթ անց Վատիկանը դատապարտել է Օլիմպիական խաղերի բացման արարողության որոշ դրվագներ

Սուրբ աթոռից հայտնել են, որ հեղինակավոր միջոցառման ժամանակ մարդկանց կրոնական համոզմունքները վիրավորող դրվագներ չպետք է լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վատիկանը շուրջ մեկ շաբաթվա ուշացումով քննադատել է «Օլիմպիական խաղեր–2024»-ի բացման արարողության որոշ դրվագներ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ Փարիզում 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ եղել է մի տեսարան, որը կոչվել է «Տոնախմբություն»։ Այդ դրվագում տրանսվեստիտ մոդելները հավաքվել են սեղանի շուրջ` նմանակելով Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավը։ Դրանից հետո էլ ԼԳԲՏ մոդելները քայլել են բեմով, պարող 2 տղամարդ էլ համբուրվել են, ևս 3-ն էլ թաքնվել սենյակում։ Այս համարն էլ նվիրված է եղել «ազատությանը և սիրուն»։
Հայտարարությունում նշվում է, որ Սուրբ աթոռը դժգոհ և վշտացած է միջոցառման ժամանակ ցուցադրված որոշ տեսարաններից։
«Ցավում ենք բազմաթիվ քրիստոնյաների և այլ կրոնների հավատացյալների հասցրած վիրավորանքի համար։ Հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը միավորվում է ընդհանուր արժեքների շուրջ, չպետք է լինի ոչ մի ակնարկ, որը ծաղրում է շատերի կրոնական համոզմունքները։ Խոսքիազատությունը, որը կասկածի տակ չի դրվում, սահմանափակվում է ուրիշների հանդեպ հարգանքով»,– ասված է հաղորդագրությունում։
Հավելենք, որ ավելի ուշ Խաղերի կազմկոմիտեի հաղորդակցության գծով տնօրեն Էնն Դետսկին ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց զգացմունքները կարող էին վիրավորվել բացման արարողության որոշ տեսարաններից։