ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի ազդակը հասել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին․ Մոսկվան և Վաշինգտոնը խուսափել են էսկալացիայի նոր փուլից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը։
«Կարող եմ ասել, որ ռուսական կողմից Վաշինգտոնին ուղղված ազդակը որոշակիորեն, ինչպես ես եմ հասկանում, հասել է ոչ միայն Վաշինգտոն, այլև Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող այլ մայրաքաղաքներ։ Մենք խուսափեցինք նոր էսկալացիոն փուլից», - ասել է նա։
Ռյաբկովը նաև ընդգծել է, որ Մոսկվան զիջումների չի գնա, եթե Միացյալ Նահանգները փորձի Ռուսաստանի Դաշնությանը պարտադրել այնպիսի բան, որ ձեռնտու է միայն իրեն:
«Վաշինգտոնին սիրաշահելու համար ո՛չ մի զիջումներ, նվերներ, ինչ-որ ժեստեր։ Եթե նրանք նորից փորձեն մեզ միակողմանիորեն պարտադրել միայն իրենց ձեռնտու բան՝ ոչ մի պայմանավորվածություն չի լինի։ Պայմանավորվել կարելի է միայն այն ժամանակ, երբ դա հավասարարժեք է, ամերիկացիները նման խոսակցությունը լավ են հասկանում», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախարար Անդրեյ Բելոուսովը և նրա ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել և կարծիքներ փոխանակել Ուկրաինայում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: