Սևանա լիճը վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ չի «ծաղկել»։ Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի համար խմելու ջրի հիմնական աղբյուրի առջև ծառացած բնապահպանական խնդիրները լուծված են։
Պաշտոնապես լիճը «ծաղկում է» ջրի միջին ջերմաստիճանի բարձրացման, կենսածին նյութերի կենտրոնացման բարձրացման և ինքնամաքրման մակարդակի նվազման պատճառով: Գործընթացը բարդացնում են կլիմայական փոփոխությունները, ֆոսֆորի և ազոտի պարունակության ավելացումը։
Այս տարի ջրի «ծաղկում» գրեթե չի եղել, ինչն առաջին հերթին պայմանավորված է բարեխառն ամառվա՝ առանց ջերմաստիճանի անոմալ տատանումների գործոնով։ Այսպես, հուլիսի 30-ի դրությամբ լճի ջրի ջերմաստիճանը կազմել է 20 աստիճան (ամենաշոգ օրերին հասնելով +24-ի)։ Բացի այդ, այս տարի լճի մակարդակը 16 սմ-ով բարձր է նախորդ տարվա մակարդակից:
Դրա վրա ազդել են ինտենսիվ տեղումները և լճից քիչ ջրառը։
Այս ամենը հանգեցրել է դանդաղեցման, բայց ոչ թե վերացման այն գործոնների, որոնք բերում են «ծաղկման»:
Լիճը շարունակում է աղտոտվել
Հիդրոկենսաբան Հերբերտ Վարդանյանն առանձնացնում է վերջին մի քանի տարիների ընթացքում լճի էկոհամակարգի փոփոխության հանգեցնող հիմնական գործոնները: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Սևանին հիմնական վնաս են հասցնում կեղտաջրերը և կոյուղաջրերը, որոնք խառնվում են գետերի հետ և թափվում են լիճ։
Հերբերտ Վարդանյան
© Sputnik / Aram Nersesyan
Վարդանյանը նշեց, որ լճի ջրի մակարդակի իջեցման, ջերմաստիճանի բարձրացման, լճի կենդանական աշխարհի կրճատման հետ մեկտեղ թափվող կոյուղաջրերը (ափին գործող քոթեջների, հյուրանոցների, ռեստորանների, ինչպես նաև բնակելի տների) նպաստում են ցիանոբակտերիաների աճին: Նա ընդգծել է, որ Սևանում ազոտի և ֆոսֆորի կենտրոնացման աճին հանգեցնում է նաև կեղտաջրերի կենսաբանական նյութերով ջրի աղտոտումը:
«Մեր բազմակողմանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գետերի ակունքներում մաքուր ջուր է, իսկ, ահա, արդեն բնակավայրերում դրա մեջ բարձր պարունակությամբ մանրէներ, աղիքային ցուպիկներ և մի շարք այլ ախտածին միկրոօրգանիզմներ են»,-ասաց Վարդանյանը:
Այսպես, լիճ թափվող 28 գետերից առավել աղտոտված են հիմնականում բնակավայրերով անցնողները՝ Մարտունի, Գավառագետ, Դրախտիկ և Ձկնագետ։
Եվ սա այն պատճառով, որ բնակավայրերում տները կա՛մ միացված չեն կոյուղու ցանցերին, կա՛մ այդ ցանցերը վատ վիճակում են: Դրա պատճառով կոյուղա-կենցաղային կեղտաջրերն անարգել թափվում են Սևանին սնող գետեր։
Վարդենիսի մեխանիկական մաքրման կայանը
© Sputnik / Aram Nersesyan
Մեխանիկական մաքրման կայանները նույնպես էական արդյունք չեն տալիս, քանի որ դրանք չեն կարող մաքրել լիճ մտնող օրգանական նյութերը և բակտերիաները: Վարդանյանը լուծումը տեսնում է կենսաբանական մաքրման բաղադրիչով հագեցած մաքրման կայանների կառուցման մեջ, ինչը կնվազեցնի կեղտաջրերի մուտքը լիճ: Դա նաև կանխելու է լճի հետագա «ծաղկումը»:
Հատկապես կարևոր է նշված կայանների առկայությունը Վարդենիկ, Մարտունի և Գավառ բնակավայրերում, ինչպես նաև հասարակական հաստատությունների և բնակելի կառուցապատման համար կոյուղու ցանցերի կառուցումը:
Ինչպես է աշխատում մեխանիկական մաքրումը
Սևանա լճի ափին գտնվող բազմաթիվ բնակավայրերի շարքում կոյուղու համակարգով աահովված են միայն երեք քաղաքներ՝ Մարտունին, Վարդենիսը, Գավառը, ինչպես նաև 3 գյուղ՝ Վարդենիկը, Գեղովիտը, Գանձակը: Սակայն այստեղ էլ սարքավորումները մասնակի են։
Կոյուղաջրերը և կեղտաջրերը մտնում են լիճ՝ անցնելով Մարտունի, Վարդենիս և Գավառ համայնքներում կառուցված մեխանիկական մաքրման կայաններով: Նրանք ֆիլտրում են երեք փուլով՝ մեծ, միջին և փոքր արտահոսքեր։ Դա թույլ է տալիս մաքրել ջուրը կենցաղային աղբից և խոշորածավալ զանգվածից: Թափոնները հավաքվում են հատուկ տարաներում, մի մասն այրվում է, մյուս մասն՝ օգտագործվում որպես պարարտանյութ:
Մեխանիկական մաքրումից հետո ջուրը ջրանցքներով թափվում է գետեր, այնուհետև լիճ՝ առանց աղտոտվածության հետագա կենսաքիմիական չեզոքացման։
Այն տները, որոնք միացված չեն կոյուղու համակարգերին, ունեն կեղտահորեր, հաստատում է Մարտունու համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը:
Հարություն Հարությունյան
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով ՝ քաղաքային իշխանությունները հասկանում են խնդրի կարևորությունը և ըստ այդմ՝ աշխատանքներ են տարվում մեխանիկական մաքրման նոր կայանի կառուցման ուղղությամբ, որը կհամալրվի կեղտաջրերի կենսաբանական մաքրման բաղադրիչով:
«Այն կկառուցվի Վաղաշեն և Մարտունի գյուղերի միջև։ Կայանը կսպասարկի Մարտունի քաղաքի մոտ 200 տնտեսություն, հետագայում Վաղաշեն գյուղը ևս կսպասարկվի»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ կայանը ներդրում կունենա Սևանի պահպանման և նրա էկոհամակարգի բարելավման գործում։ Այսպես, մինչև տարեվերջ կկազմվեն նոր կայանի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ բուն շինարարությունը նախատեսվում է ավարտել 2025 թվականին։
Արմեն Շահինյան
© Sputnik / Aram Nersesyan
Շահինյանը նշեց, որ քաղաքն ու հարակից տարածքները համալրվում են նոր կոյուղատար համակարգերով, փոխվում են խողովակները, քանի որ գոյություն ունեցողներն ամբողջությամբ կամ մասամբ մաշված են, դրանց թողունակությունը անբավարար է:
Նմանատիպ իրավիճակ է նաև մարզի այլ բնակավայրերում։ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը շեշտեց, որ Սևանա լճի և նրա էկոլոգիական վիճակի պահպանումը յուրաքանչյուրի խնդիրն է։
Կարեն Մկրտչյան
© Sputnik / Aram Nersesyan
«Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Վարդենիս համայնքի գյուղերից մեկում 2700 մետր երկարությամբ կոյուղու և ջրահեռացման համակարգ է անցկացվել։ Նախագիծը ամբողջությամբ կավարտվի առաջիկա մեկ ամսում», - ասաց նա։
Նրա խոսքով՝ կոյուղու համակարգը միացված է մեխանիկական մաքրման կայանին։ Մյուս բնակավայրերում ևս նախատեսվում է տեղադրել մեխանիկական մաքրման փոքր կայաններ: Պաշտոնյան վստահ է, որ այս ամենը նվազագույնի կհասցնի բացասական ազդեցությունը լճի վրա։
Այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում նաև «Սևան» ազգային պարկի ղեկավարությունը: ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը նշում է, որ այս տարին լճի համար շատ հաջող էր՝ ամառը զով է, ջրի ջերմաստիճանը ՝ չափավոր, ուստի «ծաղկման» գործընթաց չկա և այս տարի չի էլ ակնկալվում։
Կարեն Մնացականյան
© Sputnik / Aram Nersesyan
Սակայն տարին անբարենպաստ է եղել տնտեսվարողների համար. հանգստացողների թիվը զգալիորեն ցածր է 2023 թվականի ցուցանիշներից։
Ներկայումս ազգային պարկի ղեկավարությունը սկսել է մաքրել Դրախտիկ, Արտանիշ գյուղերի ափամերձ գոտին։ Մինչև տարեվերջ կմաքրվի 47 հա տարածք։ Մնացականյանը պարզաբանեց, որ առկա ռեսուրսներով լճի ամբողջ ափամերձ գոտին կմաքրվի հինգ տարվա ընթացքում:
Ինչ են անում իշխանությունները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վստահեցնում է, որ կառավարությունն ամեն ինչ անում է առկա խնդիրները լուծելու համար: Իշխանությունները ներկայումս քննարկում են որոշման նախագիծ, որը թույլ կտա լուծել ջրի պաշարների խնդիրը և թույլ չի տա լճից լրացուցիչ ջրառ: Բացի այդ, նախատեսված են լճի ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Գերատեսչությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանեց, որ իշխանություններն ամեն տարի հաստատում են քանակական և որակական ցուցանիշների վերահսկմանն ու լճի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիրը։
Նման միջոցառումների թվում են կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը, «Սևան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործումը, տարածքների զարգացման, Սևանա լճի և հարակից տարածքների կենսոլորտի պահպանության սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակումը:
Գավառագետ
© Sputnik / Aram Nersesyan
Բացի այդ, շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի մասին նոր օրենք։ Գերատեսչություններն ուսումնասիրում են նաև լճի «ծաղկման» պատճառները։
Միաժամանակ Գեղարքունիքի մարզպետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խմելու ջրամատակարարման կենտրոնացված (ջրատար) համակարգեր կան մարզի 5 քաղաքային և 86 գյուղական բնակավայրերում։ Սանիտարական մաքրման կենտրոնացված համակարգերով ապահովված են մարզի 5 քաղաքային բնակավայրեր և գյուղական բնակավայրերի 30%-ը:
Կեղտաջրերի մեխանիկական մաքրման կառույցներ գործում են Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքային բնակավայրերում: Նախատեսվում է արդիականացնել Գավառ քաղաքի կայանը։ Մարզի բնակավայրերում անձրևաջրերի հավաքման և անվտանգ ջրահեռացման համակարգերով ճանապարհային ցանցի հագեցվածությունը կազմում է շուրջ 30%:
Իրականացվում են ծրագրեր, որոնք ուղղված են Սևանա լճի ջրային ռեսուրսների մաքրմանը, լճի էկոհամակարգի վերականգնմանն ու պահպանմանը:
Ջրանցք Մարտունիում
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ լճում առաջին անգամ կապտականաչ ջրիմուռներ նկատվել են 1940-ականներին։ Դրան նախորդել էր կառուցվող ՀԷԿ-ի համար անհրաժեշտ ջրառը լճից (որոշումն ընդունվել է 1933 թվականին)։ Հրազդան գետի հունն ընդլայնվել է, իսկ 40 մետր խորության վրա անցկացվել է ջրահեռացման թունել։ Այդ ժամանակից ի վեր լճի մակարդակը նվազել է տարեկան մեկ մետրով։
Արդեն 1964 թվականին արձանագրվել է առաջին խոշոր «ծաղկումը»։ Այս ընթացքում լճի ջրի մակարդակը 1916 մետրից (1933 թվականին) իջել է մինչև 1898 մետր (1964 թվականին)։ Ամենամյա «ծաղկման» գործընթացը շարունակվեց մինչև 20-րդ դարի 80-ական թվականները։
Լայնածավալ ծաղկման հաջորդ ալիքը սկսվել է 2018 թվականին։
Դժվար է գերագնահատել Հայաստանի Հանրապետության համար Սևանա լճի նշանակությունը։ Ու թվում է, թե բոլորս միակարծիք ենք՝ մեր կապտաչ ու քաղցրահամ ջրով գեղեցկուհու համար պետք չէ ոչինչ խնայել։ Համալիր ու ոչ համալիր ծրագրեր են մշակվում, օրենքներ ու որոշումներ ընդունվում, բայց գործնականում Սևանա լճի խնդիրները տարեցտարի առնվազն չեն նվազում։