ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային հնարավորությունների շրջանակում շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կրկնությունը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձում, որը նա հղել է Սինջարում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի առթիվ։
«Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, 2018 թվականին ընդունել է ԱԺ հայտարարություն, իսկ այս տարի էլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 3-ը Հայաստանում նշվում է որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,–ասվում է ԱԺ նախագահի ուղերձում:
Հիշեցնենք` 2014 թվականին ԻՊ խմբավորման զինյալները գրավել են Հյուսիսային Իրաքի եզդիներով բնակեցված տարածքները և իրականացրել խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ: Մի քանի հազար մարդ սպանվել էր, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստական։