Վերաքննիչ դատարանը Նարեկ Մալյանի գործով առաջին ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան

Ռուբեն Մելիքյանը նշել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Վերաքննիչ դատարանը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով առաջին ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12–ին Մալյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ։ Նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով։
Փաստաբանի խոսքով` ՀՀ վերաքննիչ դատարանը նման որոշման է հանգել պաշտպանության ու մեղադրանքի կողմերի բերած բողոքների քննության արդյունքում։
«Հիշեցնեմ, որ պաշտպանության կողմը պնդում է, որ Մալյանի արարքում հանցակազմ չկա, իսկ դատախազությունը պնդում է, որ նրա ազատազրկումը պետք է տևի 3 տարի 3 ամիս»,– գրել է Մելիքյանը։
Նա նաև նշել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարան։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ անկախ բողոքարկման արդյունքից՝ Նարեկ Մալյանն ազատ է արձակվելու 2024 թ. սեպտեմբերի 20-ին։