«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը Երկաթուղայինի օրը նշել է Գյումրիում, Երևանում, Սևանում և Վանաձորում: Հիմնական միջոցառումն անցկացվել է Վանաձորում, որտեղ մայիսին բնական տարերքը ավերել էր երկաթուղային ենթակառուցվածքը։
Մայիս-հունիս ամիսներին վերականգնողական աշխատանքներին մասնակցած ավելի քան 600 աշխատակիցներ պարգևատրվել են ՀԿԵ-ի, արհմիության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, պաշտպանության նախարարության, ՆԳՆ փրկարար ծառայության և Լոռու մարզպետարանի կողմից:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ երկաթուղայինները պատվով են դիմակայել տարերքի մարտահրավերին:
«Մեր անձնակազմը՝ շարքային երթուղայինից մինչև ղեկավար կազմ, երկու-երեք շաբաթ շարունակ աշխատել է աննախադեպ վնաս պատճառած հեղեղումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Եվ մենք այդ քննությունը պատվով հանձնեցինք։ Միաժամանակ մեր կոլեկտիվը տարերքի դեմ մենակ չէր պայքարում»,-նշել է Մելնիկովը։
Նրա խոսքով՝ ՀԿԵ-ին մասնագիտական և եղբայրական օգնություն են ցուցաբերել Ռուսաստանի և Վրաստանի գործընկերները՝ այդպիսով ապացուցելով, որ մասնագիտական փոխօգնության և աջակցության մասին թեզերը զուտ խոսքեր չեն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է երկաթուղու ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար:
«Մենք կարողացանք ռուս և վրացի գործընկերների օգնությամբ աննախադեպ արագությամբ վերականգնել երկաթուղային հատվածը։ Վերականգնումը տեխնիկապես դժվար էր ուղիների կողքին լրացուցիչ ճանապարհի բացակայության պատճառով։ Սակայն երկաթուղու աշխատակիցների, մարզպետարանի և այլ պետական ու մասնավոր կազմակերպությունների ջանքերի շնորհիվ հաջողվեց սահմանված ժամկետից վեց օր շուտ վերականգնել ենթակառուցվածքները»,-պարզաբանեց Սիմոնյանը։
Այս ամենը, նրա խոսքով, ցույց է տալիս երկաթուղայինների պրոֆեսիոնալիզմը և երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք` Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ՀՀ–ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն (բացի Երևան-Գյումրի-Երևան էքսպրես գնացքից)։ Խոսքը Երևանից Գյումրի, Երասխ, Արաքս, Սևան-Շորժա և հակառակ ուղղությամբ 12 ուղղությունների մասին է։