ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Ժամը 10:50-ի սահմաններում մահացել է ընկերության 55-ամյա աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ դեպքի մասին անմիջապես իրազեկել են պատկան մարմիններին, հարուցվել է քրեական գործ։ Ընկերությունը հետամուտ է լինելու իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։
ԶՊՄԿ–ն վստահեցնում է` անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաև ընկերության ներքին կանոնակարգերով սահմանված պատիժ։
Աշխատավայրում դժբախտ պատահարների զգալի մասը, ըստ համաշխարհային վիճակագրության, տեղի են ունենում անվտանգության կանոնների խախտման հետևանքով։
«Ցավոք, չնայած վերջին տարիներին ընկերությունում ներդրվող անվտանգության խստացված կանոններին և պատահարների թվի նվազեցմանն ուղղված ջանքերին, աշխատակիցների շրջանում վարքագծի փոփոխությունը ժամանակատար գործընթաց է»,– ասված է հաղորդագրությունում։
ԶՊՄԿ–ից ընդգծել են, որ ընկերության ղեկավարությունը շարունակելու է հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը արտադրական և ոչ արտադրական բոլոր տարածքներում։