ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ցանկացած երկրից ձերբակալվածների հետ պետք է վարվել միջազգային իրավունքին համապատասխան։ Այս մասին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է օգնել Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու հարցում:
«Պետքարտուղարն ու դեպարտամենտը շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով Հարավային Կովկասում իրավիճակի համատեքստում։ Ես ձեզ համար այս գործընթացին վերաբերող ոչ մի նոր բան չունեմ։ Երբ խոսքը վերաբերում է ձերբակալվածներին, մենք հստակ և հետևողականորեն հայտարարում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր ձերբակալվածներին վերաբերվի մարդկայնորեն, միջազգային իրավունքին համապատասխան, ինչպես նաև պետք է հարգի ձերբակալվածների իրավունքները»,-ասել է Պատելը:
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայությանը կոչ էր արել միավորել ջանքերը ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP29 խորհրդաժողովից առաջ և քարոզարշավ սկսել ԶԼՄ-ներում և սոցցանցերում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների:
Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ հայտնվել են 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Նրանց թվում նաև ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ կան։