Թիմում հակասություն կա՞ պարտադիր ապահովագրության հարցի շուրջ. Անահիտ Ավանեսյանի պատասխանը

Բուժկենտրոն
Նախարարի կարծիքով՝ նախագիծը բարդ է, և նորմալ է, որ կարող են տարակարծություններ լինել, կարևոր է ընդհանուր փոխըմբռնումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման նախագիծն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ եզրակացության, որից հետո խորհրդարանում քննարկման կդրվի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արդյոք գաղափարական հակասություններ կա՞ն թիմի հետ․ անդրադառնալով հարցին՝ նախարարը նշեց, որ հայեցակարգն արդեն իսկ ընդունված է կառավարության կողմից, և բոլոր սկզբունքային կետերի մասով գործադիրն ունի որոշում, օրենսդրական փաթեթն էլ բխում է կառավարության ընդունած հայեցակարգից։
«Իհարկե, լինում են տարբեր մոտեցումներ, տարբեր կարծիքներ, բայց կարևորն այն է, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է այն հայեցակարգը, որով առաջ է շարժվելու։ Այո՛, իհարկե, սա բարդ, լայնածավալ, մեծ փոփոխություն է, և ես չեմ կարող հավակնել, որ բոլորը միակարծիք են լինելու օրենքով ընդունվելիք բոլոր կետերի մասով»,- ասաց նա։
Նախարարը նորմալ է համարում, որ թիմում կլինեն մարդիկ, որոնք կունենան այլ կարծիք, բայց կարևորում է, որ հարցի շուրջ, այնուամենայնիվ, կոնսենսուս կա։
Հիշեցնենք` 2027–ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան. ՀՀ կառավարության այս տարվա փետրվարին հաստատեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։
Պետությունը կհամաֆինանսավորի բժշկական ապահովագրության վճարները. հարցազրույց Ավանեսյանի հետ