ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոստովանել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ քննարկել է Ալեքսեյ Նավալնիին փոխանակելու հնարավորությունը՝ նախքան կալանավայրում նրա մահը: Գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որը կներառեր նաև Ալեքսեյ Նավալնիին։ Ցավոք, նա մահացել է», - հայտարարել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի սկզբանե նախատեսվում էր Նավալնուն ներառել ՌԴ-ի և Արևմուտքի երկրների միջև կալանավորների փոխանակման ցուցակում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտին լրագրողներին հայտնել էր, որ Նավալնիի մահվանից մի քանի օր առաջ իր գործընկերները, որոնք վարչակազմի աշխատակիցներ չեն, առաջարկել են Նավալնուն փոխանակել Արևմուտքում անազատության մեջ գտնվող որոշ մարդկանց հետ: Պուտինը պատրաստակամություն է հայտնել այդ փոխանակման համար, սակայն պայմանով, որ դրանից հետո Նավալնին չի վերադառնա Ռուսաստան: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հստակեցրել է, որ Պուտինը չի հաստատել Նավալնիի փոխանակման շուրջ բանակցությունների փաստը, այլ միայն խոսել է այն գաղափարի մասին, որի հետ համաձայնել է: